Անկարայում սկսվել են Թուրքիայի եւ Ուկրաինայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Վլադիմիր Զելենսկու բանակցությունները, տեղեկացրել են թուրքական լրատվամիջոցները։
Զելենսկին Անկարա է ժամանել կեսօրին մոտ։ Կեսօրին Ստամբուլում ուկրաինական պատվիրակությունը պետք է ուղիղ բանակցություններ սկսի ռուսական պատվիրակության հետ։ Զելենսկին նշել է, որ Էրդողանի հետ հանդիպումից հետո որոշում կկայացնի կարգավորման առումով հետագա գործողությունների մասին։ Նա նաեւ նշել է, որ Ստամբուլում ուկրաինական պատվիրակությունը ներկայացված է «ամենաբարձր մակարդակով»՝ արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության, զինվորականների եւ բոլոր հետախուզական գերատեսչությունների ներկայացուցիչներով։
ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ ուկրաինական պատվիրակության կազմում են Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, գրասենյակի փոխղեկավար Իգոր Ժովկվան, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը եւ ԱԳՆ ղեկավար Անդրեյ Սիբիգան։