Այո, Սերժ Սարգսյանի հետ տարանջատումը կա, ես մի շարք քայլերի հետ համաձայն չէի, և քանի որ կար նաև ընկալումը, որ ամեն ինչը մենք միասին ենք անում, իմ հարցազրույցները արդեն նախագահությունից հետո, ես տալիս էի նրա համար, որ այդ ընկալումը չլինի։ Այս մասին մի քանի լրատվամիջոցի տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Օրինակ, հայ-թուրքական այս արձանագրություններին ես դեմ էի, և հարցազրույցներ էի տալիս, որ չասեն՝ իրենք մեկ է, միասին են։ Այն ժամանակ քաղաքականություն վերադառնալու որևէ նպատակ չունեի,, կարող էի հանգիստ և հարցազրույցներ չտայի։ Սկսել եմ հարցազրույցներ տալ՝ ընդգծելու համար, որ այս–այս հարցերի նկատմամբ ես ունեմ այլ մոտեցում»,– ասաց նա։


Անդրադառնալով նրան, որ լուրեր կային՝ 2008–ին իր իրավահաջորդի թեկնածուն եղել է Վարդան Օսկանյանը, սակայն ինքը չի կարողացել նրան փոխանցել իշխանությունը, Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Ուրիշ թեկնածու չեմ ունեցել։ Այն ժամանակ մամուլում շրջանառվում էր, այո, նաև Օսկանյանի թեկնածությունը, բայց իմ թեկնածությունը չէր։ Ես ասեմ իմ մոտիվացիան. այն ժամանակ համարում էի, որ առաջնահերթ խնդիրը Հայաստանի համար անվտանգային հարց է: Կար Ղարաբաղի հարց, կար անվտանգության հարց և համարել եմ, որ պետք է նախագահ ընտրվի մարդ, որը այդ ոլորտին տիրապետում է լիարժեք։ Եվ Սերժ Սարգսյանը, տարիներ աշխատած և ՊՆ–ում, և անվտանգությունում, և Ղարաբաղի պատերազմի փորձը ունի, այդ տեսանկյունից զուտ ռացիոնալ ընտրության տեսանկյունից ամենաճիշտ որոշումն է եղել։ Բայց ես երբեք չեմ մտածել, որ կարող են հետագայում այսպիսի զարգացումներ լինել»։

Հարցին՝ հիմա՞ էլ եք համարում, որ դա ամենաճիշտ որոշումն էր, նա արձագանքեց. «Այն ժամանակ ամենից ռացիոնալ բացատրությունը սա էր, և ես միշտ ընդունում եմ ռացիոնալ որոշումներ, որը որոշակի հաշվարկներ է ենթադրում»։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ կաներ, եթե իմանար, որ տարիներ անց իշխանությունը փոխանցվելու է Նիկոլ Փաշինյանին, երկրորդ նախագահն ասաց. «Կմտածեի, իհարկե կմտածեի»։