Ճապոնիայի կառավարությունում սկանդալ է բորբոքվում գյուղատնտեսության նախարար Տակու Էտոյի արտահայտությունների շուրջ, որոնց մասին հայտնել է Saga Shimbun թերթը։

Գյուղատնտեսության նախարար Տակու Էտոն, որի պարտականությունների մեջ է մտնում նաև ճապոնական սննդակարգի հիմնական մթերքի՝ բրնձի գների աճի խնդրի լուծումը, պաշտոնական միջոցառման ժամանակ ելույթ ունենալիս հայտարարել է, որ երբեք բրինձ չի գնել, քանի որ իրեն առանց այդ էլ շատ են նվիրում։ Արտահայտությունը հնչել է վերջին ամիսներին բրնձի գների աննախադեպ աճի ֆոնին՝ տարեկան կտրվածքով երկու անգամ։ Դրա դեմ պայքարելու համար կառավարությունը պատմության մեջ առաջին անգամ խաղաղ ժամանակ և առանց տարերային աղետների ստիպված է եղել սկսել պետական պաշարներից բրնձի վաճառքը։ Սկզբում միջոցառումը ժամանակավոր բնույթ էր կրում, բայց քանի որ բրնձի գների աճը շարունակվել է, կառավարությունն այն երկարաձգել է մինչև հուլիս։


«Ես զգում եմ իմ պատասխանատվությունը (բրնձի գների աճի հարցում)։ Բայց ընդհանրապես ես ինքս երբեք բրինձ չեմ գնել։ Ինձ նվիրում են նրանք, ովքեր ինձ սատարում են, այնքան շատ, որ կարելի է նույնիսկ վաճառել»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Սագա պրեֆեկտուրայում Լիբերալ-դեմոկրատական կուսակցությանն աջակցելու նպատակով նվիրատվությունների հավաքագրման վճարովի հավաքին։


Երկրում ստեղծված իրավիճակի ֆոնին նախարարի անպատշաճ արտահայտությունների վերաբերյալ հարցը բարձրացվել է կառավարության գլխավոր քարտուղար Յոսիմասա Հայասիի մամուլի ասուլիսում։ Հարցն ակնհայտորեն նրան անակնկալի է բերել, քանի որ նա գրեթե մեկուկես րոպե լռել է՝ սպասելով օգնականների հուշումներին, իսկ հետո պատասխանել է, որ կառավարությանը տեղի ունեցածի մասին հայտնի է ԶԼՄ-ներից, բայց ինքը ձեռնպահ կմնա մեկնաբանություններից, քանի որ մանրամասներին տեղյակ չէ։