ԱՄՆ-ի հետ Իրանի միջուկային ծրագրի գլխավոր բանակցող, Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտնել է, որ Թեհրանում ուսումնասիրվում են Օմանի արտգործնախարարի կողմից Հռոմում կայացած բանակցությունների վերջին փուլում պատրաստված առաջարկները, գրել է Mehr-ը։

Կիրակի Թեհրանում Աֆրիկայի օրվան նվիրված արարողության ժամանակ ելույթից հետո լրագրողների հետ կայացած զրույցում Արաղչին նշել է, որ «վերջին բանակցությունների ընթացքում օմանական կողմն առաջարկել է խոչընդոտները վերացնելու լուծումներ, որոնք ներկայում քննարկվում են»:


Իրանի արտաքին գործերի նախարարը բանակցությունների հինգ փուլ է անցկացրել՝ երեքը Մասկատում եւ երկուսը՝ Հռոմում, ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ, Օմանի արտգործնախարար Սայիդ Բադր ալ Բուսաիդիի միջնորդությամբ: Ուրբաթ Հռոմում ավարտված բանակցություններից հետո Արաղչին հայտնել է, որ դա երկու կողմերի միջեւ բանակցությունների «ամենապրոֆեսիոնալ» փուլերից մեկն էր ապրիլին դիվանագիտական ​​գործընթացի մեկնարկից ի վեր:

Բարձրաստիճան դիվանագետն ասել է, որ ամերիկյան կողմն «այժմ ավելի լավ է հասկանում մեր դիրքորոշումները, ավելի հստակ եւ ճշգրիտ»: