Այսօր՝ մայիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ուենցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Նորատուս գյուղի բնակիչ 35-ամյա Արայիկ Հայրապետյանը տարօրինակ ձայներ է լսում, ապա ընտանքի անդամների հետ դուրս է գալիս և նկատում, որ գայլերը ոչխարների հոտը հոշոտել են։Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Արայիկը ասում էր․
«Ժամը 01։20-ի կողմերը կլիներ, տարօրինակ ձայներ լսեցինք, ընտանիքով դուրս եկանք ու ինչ տեսնենք՝ մի իսկական աղետ։ Մի քանի գայլեր հոշոտել էին գառներից մոտ 70-ին, մի քանիսին էլ լուրջ վնասվածքներ էին պատճառել։ Գայլերի կողմից հոշոտված ոչխարների մեծ մասը մայրացուներ են, որ պետք է ծնեին, մի մասին իրենց հետ տարել են, մի քանիսին էլ սատկած բերել հասցրել են մեր տների մոտ։
Նույն պահին դեպքի մասին տեղեկացրեցինք գյուղապետին, ում հանձնարարականով տեղակալը եկավ, տեղեկացրեցինք նաև ոստիկանության Գավառի բաժին, Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատին։ Ոստիկանները ու փրկարարները եկան, արձանագրեցին տեղի ունեցածը, հիմա սպասում ենք լույսը բացվի, որպեսզի խնդրանքով դիմենք Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին, որ գոնե մեզ օգնության ձեռք մեկնեն»։ Գյուղացիներն էլ նշում էին․«Ընտանիքը գյուղի հարգված ու աշխատասեր՝ առավոտից իրիկուն ոչխարաբուծությամբ զբաղվող ու հող մշակող մարդիկ են։
Ընտանիքում ապրում են 65-ամյա Աշոտ Հայրապետյանը, 57-ամյա Սուսաննա Կարապետյանը, 35-ամյա Արայիկ Հայրապետյանը, 30-ամյա Ալվինա Անտոնյանը, 6-ամյա Աշոտ Հայրապետյանը, 4-ամյա Անգելինա Հայրապետյանը, 2-ամյա Ալեն Հայրապետյանը և 53-ամյա Կարեն Բադոյանը, իսկ ոչխարաբուծությամբ էլ զբաղվում են բանկերից վերցրած գումարներով։ Մարզպետարանը կարող է նաև օգնել, որպեսզի բանկերը մի 3 տարի վարկերը սառեցնեն, միչև մեջքները դզվի, էս աղետից դուրս գան»։