«Դեռ վաղ է խոսել ընտրություններին իմ մասնակցության մասին, որովհետև դեռ շատ ժամանակ կա և շատ բան կարող է փոխվել, սակայն եթե մասնակցեմ, մասնակցելու եմ մի ծրագրով, որը կոչվում է «Առաջարկ Հայաստանին»: Այս մասին Կենտրոն հեռուստաընկերության եթերում ասաց Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե արդյո՞ք նա մասնակցելու է հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններին:

«Այսօր ժողովուրդն արդեն հոգնել և հիասթափվել է: Ես շատ մարդկանց հետ եմ հանդիպում: Մարդիկ հոգնել են այդ հին ու նոր կռիվներից: Մարդիկ մտահոգ են իրենց երկրի համար, այս խեղճության, պարտության համար, մարդիկ մտահոգ են երկրի անվտանգության և երեխաների ապագայի համար: Պետք է մարդկանց հնարավորություն տալ, որ մարդիկ շատ աշխատեն, լավ վաստակեն ու լավ ապրեն: Մեր ծրագրում պետք է ամեն ինչ մանրամասն, ոլորտ առ ոլորտ ներկայացված լինեն մեր խնդիրները և դրանց լուծման ճանապարհները»,-ասաց Ծառուկյանը:

«Մենք ունենք բազմաթիվ փորձառու և պրոֆեսիոնալ մարդիկ՝ տարբեր ոլորտներում երկար ճանապարհ անցած։ Պետության շահը վեր դասող ու երկրի ապագայով մտահոգ մարդկանց է պետք առաջ բերել՝ անկախ նրանից, անդամակցու՞մ են նրանք որևէ կուսակցության, թե՞ ոչ։ Շատերն էլ պարզապես չեն ուզում լինել որևէ կուսակցության մաս, բայց պատրաստ են աշխատել հանուն երկրի։ Պետք է գտնենք ձևը՝ նրանց ներառելու երկրի զարգացման և վերականգնման գործընթացում», նշեց նա։

Միաժամանակ, նա ընդգծեց, որ վարչապետի պաշտոնի հավակնություն չունի, իր հիմնական նպատակն այն է, որ իր երկիրը հզոր լինի, իր երեխաներն ու թոռները խեղճացած չլինեն:

Մանրամասները՝ տեսանյութում․