«Իրավունք» թերթը գրում է. «Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը տեսանյութով անդրադարձել է Հյուսիս-հարավ մայրուղու շինաշխատանքների կասեցմանը՝ նշելով, որ մի քաղաքացի հրաժարվում է հանձնել իր տարածքը՝ ոչ համարժեք փոխհատուցման պատճառով, ինչը պետությանը արժեցել է ավելի քան 32 մլն դոլար։ Սարգսյանը կասկածի տակ է դրել, որ առհասարակ ունենք դատարան եւ դատական համակարգ։ Դրան պատասխանել է ԲԴԽ խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ հորդորելով չթիրախավորել դատարաններն ու չտիրաժավորել չստուգված բնորոշումներ: Ըստ նրա` վերոնշյալ դատական գործով մայիսի 13-ի նիստը հետաձգվել է կողմերի հաշտության հիմքով։ «Իրավունք»-ը թեմայի շուրջ զրուցել է ՆԱԻՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ։

— Ձեզ կոչ են անում զերծ մնալ դատարաններին թիրախավորելուց: Ի՞նչ կասեք այս մասին:

— Ես էլ կոչ եմ անում, որ իրենք զբաղվեն իրենց անմիջական պարտականություններով: Այսինքն՝ նորմա՞լ է, որ 30 միլիոն դոլարից ավելի տանք, որպեսզի ճանապարհ կառուցենք, մենք բոլոր հարկատուներով դրա տոկոսները վճարենք, այդ ընթացքում երթեւեկենք կողքի՝ նեղ փողոցներով, որի պատճառով եղել են հարյուրավոր վթարներ, քանի որ այդ չորս գիծ ունեցող ճանապարհը դառնում է երկու գիծ, ինչի հետեւանքով ճանապարհը խայտառակ կերպով ծանրաբեռնվում է, քանի որ այնտեղով նաեւ երթեւեկում են մեծ մեքենաներ՝ «ֆուռեր»: Նույնիսկ բնակիչներ կան, ովքեր իրենց տները լքել են նման խայտառակ վիճակի պատճառով. դա նորմա՞լ է: Շատ կցանկանամ ԲԴԽ-ն վիճակագրության տվյալներն ուսումնասիրի եւ տեսնի, թե Գուսան Շերամի փողոցի վրա քանի ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես նաեւ հաշվի, թե այդ 30 միլիոնից ավել դոլարի վարկը, որը վերցվել է Ասիական զարգացման բանկից, քանի տոկոս է վճարվում: Սա ես դեռ 10 կիլոմետրի՝ Բաբաջանյան-Աշտարակի մայրուղու գումարի մասին եմ խոսում, դեռ այն մնացածին չեմ անդրադառնում, իսկ ընդհանուր՝ Հյուսիս-հարավը հարյուրավոր միլիոն դոլարներ են: Այսինքն՝ այդ ողջ ծրագիրն է Երեւանի մասով խափանում, եւ այդ դատավորը նիստ չի անում, արդեն քանի տարի է: 2017 թվականից այդ վեճը գնում է: Հիմա ինչպես չասեմ, որ դատարան չկա: Ինչո՞ւ են նեղանում:

— ԲԴԽ մամուլի խոսնակն ասում է, որ տեսանյութին առնչվող վերջին դատական նիստը հետաձգվել է կողմերի միջնորդությամբ՝ հաշտության գալու հիմքով:

— Դա չճշտված տեղեկություն է, որովհետեւ ես երկու կողմերից էլ ճշտել եմ, որ հաշտության որեւէ խոսակցություն այս պահին չկա: Եվ Արշակ Արշակյանը՝ հողի սեփականատերը, եւ քաղաքապետարանի ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Անետա Բաբայանը, դեռեւս որեւիցե հաշտության համաձայնության չեն եկել: Խոսակցություն է եղել, որ պետք է գույքի լրացուցիչ գնահատում կատարվի: Այսինքն՝ Ասիական զարգացման բանկը պիտի ֆինանսավորի, նոր գույքի գնահատողներ բերեն, որից հետո նոր հասկանան՝ փոխադարձ համաձայնո՞ւմ են այդ գնի շուրջ, թե՝ ոչ: Սա նշանակում է, որ այս ամենը կարող է տեւել եւս ամիսներ: Հետեւաբար, այս պահի դրությամբ փաստում ենք, որ հաշտություն չկա` հողի հետ կապված: Ես խոստանում եմ, որ հետագայում նմանատիպ եւ ավելի խայտառակ մի քանի այլ գործեր եւս կհրապարակեմ, եւ սա կլինի իրենց ասածի պատասխանը: Շատ եմ ցանկանում մամլո խոսնակին մի հարց ուղղել՝ ինքը տեղյա՞կ է, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր 8 տարի է, ինչ կալանավորված են: Դա նշանակում է, որ այդ մարդիկ ո՛չ մեղավոր են, ո՛չ անմեղ եւ այսպես 8 տարի շարունակ եւ դեռ անորոշ գտնվում են անազատության մեջ: Չկա վճիռ, որպեսզի մարդը կարողանա դիմել վաղեմության հիմքով ազատ արձակվելու համար կամ կարողանա բողոքարկել վերաքննիչ դատարանում: Մարդու բոլոր իրավունքները խախտված են եւ առանց դատավճռի գտնվում է անազատության մեջ: Եվ, օրինակ, եթե դատավորը որոշի արդարացնել այդ մարդուն, կնշանակի, որ 8 տարի նրա կյանքն անհիմն խլել են՝ առանց դատավճռի: Նմանատիպ գործերը թողած՝ եկել են ինձ են դաս տալի՞ս: Ո՞վ եք դուք:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում