Բրազիլիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատմել է, թե ինչու է որոշել գլխավորել Բրազիլիայի հավաքականը։

«Բրազիլիան լավագույն հավաքականն է, քանի որ ոչ մի այլ հավաքական 5 անգամ չի հաղթել աշխարհի առաջնություններում։ Հիմա իմ խնդիրը 6-րդ աստղն է։

Իտալիայի հավաքական ինձ չեն հրավիրել։ Այն գլխավորում է իմ ընկեր Լուչան Սպալետին, որը հրաշալի մարզիչ է։ Իսկ Բրազիլիան վաղուց էր հետաքրքրություն ցուցաբերում իմ նկատմամբ եւ հիմա ընդունում եմ այդ մարտահրավերը՝ վերադարձնել աշխարհի գավաթը Բրազիլիա։

Դրա համար պետք է, որ ամբողջ երկիրը լինի հավաքականի հետ։ Խաղացողները պետք է լինեն համեստ, օգնեն իրար եւ զգան երկրի աջակցությունը։ Առանց այդ ամենի չի ստացվի հաղթել աշխարհի առաջնությունում, որն ընդամենը մրցաշար ու տիտղոս չէ։ Դա զգացում է, որի հետեւում մի ամբողջ երկիրր է։

Հենց դա է գրավիչ։ Ես այստեղ եմ, որպեսզի Բրազիլիան դարձյալ լինի աշխարհի չեմպիոն։ Ես ընդունում եմ այդ մարտահրավերը եւ հավատում եմ, որ կարող ենք հասնել հաջողության»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Marca-ն։

Անչելոտին ավելի վաղ հրապարակել էր հայտացուցակն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումների համար։

Դարպասապահներ․ Ալիսոն («Լիվերպուլ»), Բենտո Կրեպսկի («Ալ Նասր»), Ուգո Սոուզա («Կորինտիանս»)։

Պաշտպաններ․ Ալեքս Սանդրո («Ֆլամենգո»), Ալեքսանդրո («Լիլ»), Լուկաս Բերալդո (ՊՍԺ), Կառլոս Աուգուստո («Ինտեր»), Դանիլո («Ֆլամենգո»), Լեո Օրտիս («Ֆլամենգո»), Մարկինյոս (ՊՍԺ), Վանդերսոն («Մոնակո»), Ուեսլի («Ֆլամենգո»)։

Կիսապաշտպաններ․ Անդրեաս Պերեյրա («Ֆուլհեմ»), Անդրեյ Սանտոս («Ստրասբուրգ»), Բրունո Գիմարայնս («Նյուքասլ Յունայթեդ»), Կազեմիրո («Մանչեսթեր Յունայթեդ»), Էդերսոն («Ատալանտա»), Ժերսոն («Ֆլամենգո»)։

Հարձակվողներ․ Անտոնի («Բետիս»), Էստեւան («Պալմեյրաս»), Մարտինելի («Արսենալ»), Մատեուս Կունյա («Վուլվերհեմփթոն»), Ռաֆինյա («Բարսելոնա»), Ռիշարլիսոն («Տոտենհեմ»), Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ»)։

Բրազիլիայի հավաքականը հունիսի 6-ին կմրցի Էկվադորի, հունիսի 11-ին՝ Պարագվայի հետ։