Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը Չեռնոգորիայի հետ 2:2 հաշվով ոչ ոքի խաղից հետո Նիկշիչ քաղաքում մեկնաբանել է դիմակայությունը եւ արդյունքը:
«Մարտական ոչ ոքի էր, կարող եմ ասել: Ես ուրախ եմ, որ թիմում այսօր կար հավատ: Ես ինքս տեսա, դա իմ կարծիքն է, այսօր կար հավատ, աշխատանք, որը շատ կարեւոր է մեր թիմի համար: Մենք միայն մեր հավատով, հայրենասիրությամբ եւ աշխատանքով կարող ենք հաջողության հասնել:
Վերջում երկու պահ ունեինք, կարող էինք նաեւ հաղթել: Իրենք երկու պահ ունեին, երկուսն էլ օգտագործեցին:
Արագ գոլ բաց թողեցինք, սկզբնամասում կենտրոնացվածության խնդիր կար: Կրկնեմ՝ թիմը հավատում էր եւ աշխատում էր մինչեւ վերջ:
Նոր մարզիչի ուզած ֆուտբոլը ունենալու համար ժամանակ է պետք, որը մենք չունենք: Այն, ինչ նա պետք է քաղեր, այս երկու ընկերական խաղերից պետք է քաղեր: Ամեն ինչ շատ արագ է, սեպտեմբերից արդեն յուրաքանչյուր սխալ մեզ համար կարժենա միավորի կորուստ: Ժամանակի խնդիր է, չունենք այդ ժամանակը: Մարզիչը պետք է ուրիշ մտքեր կոմպեսացնի եւ փորձի այլ ելք գտնել:
Ես մեկ անգամ ասել եմ, որ Հայաստանի հավաքականը Հենրիխ Մխիթարյանի հետ եւ առանց Մխիթարյանի տարբեր թիմեր են: Հիմա նույնը կասեմ Էդուարդ Սպերցյանի մասին: Նա թոփ ֆուտբոլիստ է : Վստահ եմ, որ շուտով իր շանսը կստանա եւ կապացուցի, որ աշխարհի թոփ ֆուտբոլիստներից ոչ մեկին չի զիջում:
Վերադառնալով այսօրվա խաղին՝ բոլորս էլ հասկանում ենք, որ ավելի լավ կլիներ հաղթանակը: Կարող էինք երրորդ գոլն էլ խփել, քանի որ վերջին հատվածում մենք ավելի լավն էինք:
Չեռնոգորիայի հավաքականը վատ թիմը չի: Կոսովոյից կրած պարտությունից հետո դրական արդյունք է ոչ ոքին: Հոգեբանական առումով ընտրական պայքարից առաջ սա լավ էր, որովհտետեւ մենք տեսանք, որ կարող ենք: Խաղից առաջ տղերքին ասացի, որ մենք մենակ հավատով եւ աշխատանքով կարող ենք հասնել հաղթանակի»,- ասաց Վարազդատ Հարոյանը:
Նախորդ ընկերական խաղում Հայաստանի թիմը 2:5 հաշվով պարտվել էր Կոսովոյի հավաքականին։