Հատուկ նշանակության ուժերի ղեկավար Զվիադ Խարազիշվիլին, որը ժողովրդի մեջ հայտնի է որպես «Խարեբա», լքել է իր պաշտոնը, նրա փոխարեն նշանակվել է Ռոման Կարցիվաձեն, հաղորդում է Новости-Грузия-ն՝ վկայակոչելով երկրի Ներքին գործերի նախարարությանը։

«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Խարեբան ինքն է հրաժարական տվել, և որ դա «անձնական որոշում» է եղել։

Ինչպես նշում է Новости-Грузия-ն՝ իշխող կուսակցությունն ավելի վաղ հերքել էր ընդդիմադիր լրատվամիջոցների հաղորդագրություններն, ըստ որոնց՝ Խարազիշվիլին, որը ցուցարարների դեմ իր դաժան գործողությունների համար Արևմուտքի պատժամիջոցների տակ է, հրաժարական է տալիս։

Հունիսի 10-ի առավոտյան Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը տեղեկություն է հրապարակել կադրային մի շարք փոփոխությունների մասին։ Խարեբի հրաժարականի մասին հայտարարությունն արվել է առանձին՝ մի քանի ժամ անց։
Ավելի վաղ՝ մայիսի 28-ին, փոխվել էր Ներքին գործերի նախարարը։ Վախթանգ Գոմելաուրիի փոխարեն Ներքին գործերի նախարար է նշանակվել Գելա Գելաձեն։