Երեկ կեսօրի կողմերը շտապօգնության բրիգադի ուղեկցությամբ ընդունվել է 14–ամյա պատանի, որի մոտ առկա էին դանակահարված վերքեր ձախ վերին վերջույթին և որովայնի առաջային պատին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի բժիշկ Արթուր Հարությունյանը։
«երեխան տեղափոխվել է լարանը դրած պրոֆուզերակային արյունահոսությամբ, հենց ընդունարանում վերքը զննվել է, դադարեցվել է արյունահոսությունը և կազմակերպվել է շտապ անհետաձգելի հետազոտությունների շարք, որից հետո անմիջապես հիվանդը տեղափոխվել է վիրահատարան։
Վիրահատարանում արդեն երկու բրիգադի կողմից, մեկ ընդհանուր վիրաբույժների կողմից որովայնի առաջնային պատի վերքն է զննվել, իսկ միկրովիրաբույժների բրիգադի կողմից ձախ նախաբազկի ստորին երրորդի կտրած վերքը։ Վերքը բավականին խորն էր, վնասված էին ձախ դաստակի և մատների բոլոր տարածիչ ջլերը, դաստակը կախ էր ընկած։
Ֆունկցիայի տեսակետից տարածման ֆունկցիան բացակայում էր, մոտ 3.5 ժամ տևած վիրահատությունից հետո վերականգնվել են բոլոր վնասված ստրուկտուրաները։ Հիմա երեխան բաժանմունքում է, վիճակը բավարար է, ստանում է համապատասխան դեղորայքային բուժում, մոտ երեք-չորս օր հետո հավանաբար դուրս կգրվի»,–ասաց նա։
Հարցին՝ հետագայում կարո՞ղ է մատները շարժելու հետ կապված խնդիրներ լինեն, բժիշկը պատասխանեց. «Առաջին մեկ ամիսը երեխայի դաստակը և մատները անշարժացված են լինելու գիպսային վիրակապով, որից հետո արդեն աստիճանաբար վերականգնողական երկարատև բուժում կպահանջվի, բայց ամեն ինչ լավ կլինի, կվերականգնվի»։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ հունիսի 11-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանի դպրոցներից մեկում: Ժամը 11:55-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանում գործող դպրոցներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ աշակերտը դանակահարվել է։ Մինչ ոստիկանները կժամանեին դպրոց, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ ձախ զստափոսի շրջանում կտրած-ծակած վերք, ձախ նախաբազկի կտրած վերք ախտորոշմամբ իրենց մոտ երեխա է տեղափոխվել:
Մինչ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում պայքարում էին երեխայի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ ժամը 11:30-ի սահմաններում նշված դպրոցի տարածքում՝ հետնամասում, վիճաբանություն է տեղի ունեցել հիվանդանոց տեղափոխված երկու 14-ամյա տղաների միջև, որի ժամանակ 14-ամյա տղան իր մոտ եղած դանակով հարվածներ և մարմնական վնասվածքներ է պատճառել իր հասակակից տղային:
Ծնողները իրենց հետ բերել են նաև հանցագործության գործիք դանակը:
Դանակահարված 14–ամյա տղան վազելով մտել է դպրոց. առաջին օգնություն ցուցաբերել են ուսուցիչները. նոր մանրամասներ