ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում խոսել է Իսրայելի կողմից Իրանի տարածքում հասցված հարվածների մասին։
«Ես Իրանին պայմանագիր կնքելու մեկից ավելի հնարավորություն եմ տվել։ Ասել եմ նրանց` պարզապես «արեք դա», բայց որքան էլ նրանք փորձեցին, որքան էլ մոտ էին հաջողությանը, պարզապես չկարողացան։ Ասել եմ նրանց, որ դա լինելու է շատ ավելի վատ, քան նրանք պատկերացնում են, սպասում են կամ լսել են, որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգներն ունի աշխարհի լավագույն ու ամենակործանարար զինտեխնիկան, և որ Իսրայելն ունի նման զինտեխնիկա, դեռ շատ ավելին է ունենալու և գիտի՝ ինչպես դրանք կիրառել։
Որոշ իսլամական էքստրիմիստներ խիզախ խոսքեր էին ասում, բայց նրանք չգիտեին՝ ինչ է իրենց սպասվում։ Նրանք այժմ զոհվել են, և ամեն ինչ ավելի է վատանալու։ Արդեն իսկ մեծ ավերածություններ և մահեր են եղել, բայց դեռ ժամանակ կա կանգնեցնելու այս սպանդը, մինչև հաջորդ՝ արդեն պլանավորված, ավելի դաժան հարձակումները սկսվեն։ Իրանը պետք է պայմանագիր կնքի, քանի դեռ ամեն ինչ չի կորցրել, որպեսզի փրկի այն, ինչ ժամանակին կոչվում էր Իրանական Կայսրություն։ Ո՛չ այլևս մահ, ո՛չ այլևս ավերում, ՊԱՐԶԱՊԵՍ ԱՐԵՔ ԴԱ, քանի դեռ շատ ուշ չէ։ Աստված օրհնի բոլորիդ»,- գրել է նա։