Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել այսօր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որում ասվում է․
«Հունիսի 13-ին Ազգային ժողովում խոչընդոտվել է Mediahub.am լրատվական կայքի թղթակից Վահե Մակարյանի մասնագիտական գործունեությունը։ Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերի 4-ին խիստ վիճահարույց հիմնավորմամբ դադարեցվել էր նրա հավատարմագրումը խորհրդարանում։ Այդ որոշումը կայացվել էր Վահե Մակարյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև ծագած վեճից հետո, որը զուգորդվել էր փոխադարձ մեղադրանքներով և վիրավորանքներով։ Մենք անդրադարձել ենք այդ փաստերին 2024թ․ նոյեմբերի 5-ի հայտարարությամբ։
Զրկված լինելով հավատարմագրումից՝ Վահե Մակարյանը ԱԺ պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանից ստացել է մեկանգամյա անցագիր և մտել խորհրդարան՝ լուսաբանելու այդ հանձնաժողովի նիստը։ «Զանգվածային լրատվության մասին» օրենքը չի արգելում հավատարմագրում չունեցող լրագրողին որևէ պատգամավորից ստանալ անցագիր և լուսաբանել տվյալ պետական մարմնի համապատասխան օրվա աշխատանքը։ Բացի այդ, նույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ արգելվում է «որևէ տեղեկատվություն տարածելուն կամ դա տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանքը լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի նկատմամբ»։
Հակառակ այս կարգավորումների՝ անվտանգության ծառայության աշխատակիցները, հղում կատարելով ԱԺ աշխատակազմի ղեկավարի հրահանգին, վերոնշյալ հանձնաժողովի նիստից դուրս են հրավիրել Վահե Մակարյանին, չներկայացնելով որևէ ողջամիտ պատճառ` պահանջել են լքել ԱԺ շենքը, իսկ երբ լրագրողն ընդդիմացել է, նրան ուժով դուրս են բերել խորհրդարանից։
Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, վերստին արձանագրում ենք, որ ԱԺ-ում պատգամավորների և լրագրողների միջև լարված հարաբերությունները հաճախ վերածվում են կոնֆլիկտների, որոնց արդյունքում պատասխանատվության են ենթարկվում միայն լրատվամիջոցների ներկայացուցիչները, իսկ պատգամավորների համար այդ միջադեպերը մնում են անհետևանք։ Ավելին՝ նման կոնֆլիկտների վերաբերյալ նույնիսկ պատգամավորական էթիկայի հանձնաժողով ձևավորելու գործընթացն է վիժեցվում։ Խիստ խնդրահարույց է մնում նաև ԱԺ աշխատակազմի կողմից ՊՊԾ ծառայողներին լրագրողների նկատմամբ առանց պատշաճ հիմնավորման ուժ կիրառելու հրահանգներ իջեցնելու պրակտիկան, որը վերածվում է ԶԼՄ-ների օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտման։
Դատապարտելով վերոնշյալ միջադեպը՝ ԱԺ ղեկավարությունից և աշխատակազմից պահանջում ենք․
հավատարմագրումը չդարձնել միակ հիմքն ու հնարավորությունը՝ լրագրողների մուտքը խորհրդարան ապահովելու և ԱԺ գործունեությանը վերաբերող որևէ թեմա լուսաբանելու համար, այլ ընդունել նաև մեկանգամյա անցագրից օգտվելու իրավունքը,
հրատապ լսումներ կազմակերպել՝ խորհրդարանում պատգամավոր-լրագրող հարաբերությունները քննարկելու և առկա լարվածությունը հաղթահարելու նպատակով,
ակտիվացնել միջադեպերի առնչությամբ պատգամավորական էթիկայի հանձնաժողով ձևավորելու գործընթացը և այդպիսի մշտական գործող կառույց ստեղծելու համար համապատասխան օրենսդրական փոփոխություններ իրականացնել։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Երեվանի մամուլի ակումբ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Բբազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ – Հայաստան
հանրային լրագրության ակումբ
«Լրագրողներ հանուն ապագայի» հկ
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հկ
Գորիսի մամուլի ակումբ»։