Սենատորներ Ադամ Շիֆը և Ռենդ Փոլը, թվում է, նմանատիպ տեսակետ ունեն Իրանի վերաբերյալ։ NBC News-ին տված հարցազրույցում երկուսն էլ նշել են, որ ԱՄՆ-ն պետք է զգուշանա Իրանի հետ ռազմական հակամարտության մեջ մտնելուց։

Այսօրվա հարցազրույցում Շիֆը հայտարարել է, որ, իր կարծիքով, Իսրայելը «բարենպաստ պահ» է գտել Իրանի միջուկային ծրագրի դեմ պայքարելու համար՝ տարածաշրջանում «ռեժիմի դրածոների» թուլացումից հետո։


Նա Իրանի հարցով վերջին հետախուզական տվյալները չի ստացել, սակայն նշել է, որ կողմնակից չէ ուղիղ ռազմական գործողություններին հետագա մասնակցությանը։

«Կարծում եմ՝ Միացյալ Նահանգները պետք է շատ զգուշավոր լինի ևս մեկ պատերազմի մեջ ներքաշվելու հարցում՝ Իրաքում և Աֆղանստանում տեղի ունեցած պատերազմներից հետո», - ասել է Շիֆը։

Իր հերթին սենատոր Փոլը հայտարարել է, որ պատերազմը խաղ չի համարում, և որ հարյուր հազարավոր մարդիկ կարող են զոհվել։

Նա հարց է բարձրացրել՝ արդյոք պատերազմը չի՞ մղի իրանցիներին դեպի ազգայնականություն՝ «չնայած այն հանգամանքին, որ Իրանի ռեժիմը բնակչության շրջանում չափազանց ոչ ժողովրդական է»։

«Կարծում եմ՝ շատ դժվար կլինի դուրս գալ այս իրավիճակից և բանակցային կարգավորման հասնել,- ասել է Փոլը։ - Ես տեսնում եմ միայն ավելի շատ պատերազմներ ու արյունահեղություն, և ԱՄՆ-ի գործը չէ այս պատերազմում ներգրավված լինելը»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չէր բացառել Իրանի և Իսրայելի միջև ռազմական հակամարտությանը ԱՄՆ-ի միջամտության հավանականությունը։