Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Անկարան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իսրայելի հետ հակամարտության արագ ավարտի և իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին վերադառնալու գործում: Այս մասին զրույցից հետո հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։


«Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ մի շարք շփումներ է ունեցել արտասահմանյան առաջնորդների հետ՝ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության վերաբերյալ, և որ Թուրքիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել՝ հակամարտությունն արագ ավարտի և միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին վերադառնալու համար», - ասվում է հայտարարության մեջ։


Էրդողանը, ինչպես նշվել է, նաև Իրանի նախագահին ասել է, որ «Թուրքիան մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը»։

Թուրքիայի և Իրանի նախագահները նախկինում հեռախոսազրույց են ունեցել հունիսի 14-ին։