Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իսրայելական բանակը լքել է իր բազաները եւ ՀՕՊ համակարգերը տեղափոխել քաղաքների բնակելի թաղամասեր։ Այս մասին տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով կորպուսի հայտարարությանը։
«Բոլոր ռազմական կենտրոնները տարհանվել են, իսկ ռեժիմի բանակը, թաքնվելով բնակելի շենքերի հետեւում, իր անարդյունավետ հրթիռային եւ հակաօդային պաշտպանության համակարգերը տեղակայել է քաղաքային կենտրոններում»,- նշվել է հաղորդագրությունում։
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը սկսել է «Առյուծի վերելք» գործողությունը։ Գործողության շրջանակում իսրայելական զորքերը հարձակվել են Իրանի միջուկային եւ ռազմական օբյեկտների վրա։ Հարվածները թիրախավորել են միջուկային զենքի մշակման հետ կապված ենթակառուցվածքները, ինչպես նաեւ իրանցի գեներալների գտնվելու վայրերը։
Նույն օրը երեկոյան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է պատասխան գործողության մեկնարկի մասին։ Այն կոչվում է «Ճշմարիտ խոստում 3»։ Մարտական առաքելությունների ընթացքում Իսրայելին հրթիռային հարվածներ են հասցվել։ Երկու երկրներում էլ հարվածների հետեւանքով վիրավորվել են տասնյակ մարդիկ։