«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձեւաթղթի», ստացել է նվեր՝ սուրճի բաժակ՝ իր տակդիրով, 120 հազար ՀՀ դրամ արժողությամբ։
Այս թանկարժեք բաժակը Ալեն Սիմոնյանին նվիրել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, ով հունիսի 5-ին պաշտոնական այցով Երեւան էր ժամանել։ Մատվիենկոն Հայաստանում էր հունիսի 5-6-ը։
Հարկ է նշել, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խոստացել էր, որ օդանավակայանում անձամբ է դիմավորելու Վալենտինա Մատվիենկոյին։
Հիշեցնենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածում, որով սահմանված են հանրային պաշտոն զբաղեցնող անձի եւ հանրային ծառայողի կողմից նվերներ ընդունելու սահմանափակումները, նշվում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողներին թույլատրվում է ընդունել միայն հետեւյալ նվերները.
1. պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաեւ աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում կամ ժամանակ տրվող նվերները կամ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունը,
2. ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը,
3. կրթաթոշակը, դրամաշնորհը կամ նպաստը՝ տրված հրապարակային մրցույթի արդյունքով` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով եւ նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքով,
4. օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերները:
Եթե 1-ին կամ 4-րդ կետերով նախատեսված նվերի արժեքը (բացառությամբ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունների) գերազանցում է 60.000 դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները պարտավոր են սահմանված կարգով այն հանձնել պետությանը կամ համայնքին:
Բացի այդ, հանրային պաշտոն զբաղեցնող անձը եւ հանրային ծառայողը պարտավոր են իրենց կողմից ստացված թույլատրելի նվերները հաշվառել նվերների հաշվառման ռեեստրում։
40.000 դրամը չգերազանցող արժողությամբ թույլատրելի նվերները ենթակա չեն հաշվառման, բացառությամբ նույն աղբյուրից 6 ամսվա ընթացքում նվերի ստացման պարբերական (5 եւ ավելի) բնույթ կրող դեպքերի։
Նվերների արժեքը գնահատվում է` հիմք ընդունելով այն ողջամիտ շուկայական արժեքը, որը հնարավոր է գնահատել բաց աղբյուրների միջոցով:
Հավելենք նաեւ, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողներին, եթե որեւէ նվեր է տրվում իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված, ապա անկախ դրա չափից, գնից, եթե անգամ այն արժե 100 դրամ՝ չեն կարող ընդունել»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: