Իրանի եւ Կատարի բարձրաստիճան դիվանագետներն ընդգծել են երկու երկրների բարեկամական հարաբերությունները պահպանելու վճռականությունը, այն բանից հետո, երբ երկուշաբթի երեկոյան Դոհայի մոտակայքում գտնվող ԱՄՆ ավիաբազային Իրանի կողմից ուղղված պատասխան հրթիռային հարվածը մտահոգություններ էր առաջացրել տարածաշրջանում լարվածության սրման վերաբերյալ, հաղորդել է Tasnim-ը։
Երեքշաբթի առավոտյան հեռախոսազրույց են ունեցել Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թահթտ Ռավանչին եւ Կատարի արտաքին գործերի նախարարի տարածաշրջանային հարցերով օգնական Մոհամեդ բին Աբդուլազիզ Ալ-Խուլայֆին։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) երկուշաբթի երեկոյան հզոր հրթիռային հարված է հասցրել Կատարի ամերիկյան «Ալ Ուդեյդ» ավիաբազային՝ ի պատասխան Վաշինգտոնի կողմից վերջերս Իրանի երեք միջուկային օբյեկտներին հասցրած հարվածների։
Իրանցի դիվանագետն ընդգծել է Թեհրանի եւ Դոհայի միջեւ «բարեկամական եւ ամուր» հարաբերությունները՝ վերահաստատելով Իրանի վճռականությունը՝ պահպանել եւ ամրապնդել Կատարի հետ կապերը՝ հիմնված բարիդրացիության եւ փոխադարձ շահերի հարգանքի վրա։
Թահթ Ռավանչին ընդգծել է, որ «տարածաշրջանային պետությունների հետ համագործակցության եւ փոխըմբռնման միջոցով» Իրանը «թույլ չի տա, որ Իսրայելի եւ Ամերիկայի չարամիտ գործողությունները իսլամական հանրապետության եւ այլ երկրների դեմ հանգեցնեն տարածաշրջանային երկրների պառակտման»։
Նա նաեւ բարձր է գնահատել Կատարի կառուցողական դերը տարածաշրջանում լարվածության սրումը կանխելու գործում:
Իր հերթին, Ալ-Խուլայֆին նշել է Կատարի գերազանց հարաբերություններն Իրանի հետ եւ ընդգծել տարածաշրջանի բոլոր երկրների համատեղ ջանքերի անհրաժեշտությունը՝ անվտանգությունն ու կայունությունն ապահովելու համար:
Նա նաեւ հայտնել է Կատարի վճռականությունը՝ կառուցողական դեր խաղալ այդ ջանքերին աջակցության գործում։