Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Բահրեյնի թագավոր Համադ բեն Իսա Ալ Խալիֆայի միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել, որի ընթացքում զրուցակիցները քննարկել են նաեւ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակը եւ արտահայտվել տարածաշրջանում խաղաղության եւ կայունության արագ վերականգնման օգտին, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Այս առնչությամբ հաստատվել է Ռուսաստանի նախաձեռնության արդիականությունը՝ հոկտեմբերին Մոսկվայում ռուս-արաբական առաջին գագաթաժողովն անցկացնելու վերաբերյալ»,- նշվել է հայտարարությունում:

Բացի այդ, պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել հունիսի 18-21-ին կայացած Սանկտ Պետերբուրգի XXVIII միջազգային տնտեսական համաժողովի արդյունքների վերաբերյալ, որին Բահրեյնը մասնակցել է որպես հյուր երկիր:

 

«Վլադիմիր Պուտինը նշել է Բահրեյնի պատվիրակության ակտիվ եւ արդյունավետ աշխատանքը, որը գլխավորել է Բահրեյնի թագավորի մարդասիրական եւ երիտասարդության հարցերով ներկայացուցիչ, ազգային անվտանգության խորհրդական Նասեր բեն Համադ ալ Խալիֆան։ Բահրեյնի թագավորը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին ցուցաբերված հյուրընկալության համար։ Հաստատվել է ռուս-բահրեյնյան փոխշահավետ համագործակցությունը առեւտրատնտեսական, ֆինանսական, ներդրումային եւ մշակութային-հումանիտար ոլորտներում հետագա զարգացման փոխադարձ մտադրությունը»,- նշվել է Կրեմլի հայտարարությունում։