ՌԴ Պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունել է օրենք, որը թույլ է տալիս քաղաքացիություն չունեցող անձանց պայմանագրեր կնքել Ռուսաստանի Դաշնությունում պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայության համար։ Փաստաթուղթը հրապարակվել է խորհրդարանի ստորին պալատի տվյալների բազայում։
Օրինագծի բացատրական գրության մեջ նշվում է, որ այն ուղղված է «պայմանագրով զինվորական ծառայության անցնելու հնարավորություն ունեցող անձանց շրջանակի ընդլայնմանը»։
Ըստ գործող օրենսդրության՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում ծառայության համար կարող են պայմանագիր կնքել Ռուսաստանի և օտարերկրյա պետությունների քաղաքացիները։
Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը РБК-ի հետ զրույցում նշել է, որ սա առաջին հերթին վերաբերում է Ուկրաինայի բռնակցված տարածքներում բնակվող կամ բնակված անձանց, որոնց Ուկրաինան զրկել է քաղաքացիությունից, և նրանք «օբյեկտիվ պատճառներով» դեռևս չեն կարողացել ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն։
Նա ընդգծել է, որ առաջարկվող փոփոխությունները կապված չեն պայմանագրային զինծառայողների հավաքագրման խնդիրների հետ։ «Սա օրինագիծ է, որն ավելի մեծ չափով արտացոլում և պաշտպանում է այն մարդկանց շահերն ու իրավունքները, ովքեր ցանկանում են դառնալ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի», – հավելել է նա։