Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հերքել է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները վերսկսելու որևէ ծրագիր, հաղորդում է Mehr-ը։

Հինգշաբթի երեկոյան հեռուստատեսային հարցազրույցում Արաղչին դատապարտել է ԱՄՆ-ի մեղսակցությունն Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմում։

Նրա խոսքով, մինչ ԱՄՆ-ի հետ անուղղակի միջուկային բանակցություններում Իրանը պաշտպանում էր իր ժողովրդի իրավունքները, մինչև Իսրայելի ագրեսիան, Միացյալ Նահանգները, հիասթափված բանակցություններից, որոշել է օգտագործել այլ մեթոդ։


Արաղչին դատապարտել է ԱՄՆ-ի ռազմական հարձակումներն Իրանի վրա՝ դրանք անվանելով դիվանագիտության և բանակցությունների դավաճանություն։ Մերժելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումը, որ Իրանի հետ միջուկային բանակցությունները տեղի կունենան հաջորդ շաբաթ, Իրանի արտաքին գործերի նախարարն ասել է. «Բանակցությունները վերսկսելու վերաբերյալ համաձայնություն չի ձեռք բերվել։ Բանակցությունների մասին խոսք չի եղել։ Բանակցությունների թեման ներկայումս չի քննարկվում»։

Արաղչին բացատրել է, որ Իրանը շարունակում է հավատարիմ մնալ դիվանագիտությանը, բայց ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու որոշումը պետք է գնահատվի։

Հարցին, որը վերաբերում էր Իրանի ուրանի հարստացման ծրագրին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից երկրի միջուկային օբյեկտներին հարվածներից հետո, արտաքին գործերի նախարարը պատասխանել է, որ վնասը աննշան չէ, և Իրանը գնահատում է դրա մասշտաբները։

«Դեռ վաղ է ասել, որ բանակցությունների համար հողը պատրաստ է», - ասաց նա։