Այսօր կայացած ասուլիսի ընթացքում Սայաթ-Նովա 10 և 12 շենքերի բակում անօրինական շինարարության դեմ պայքարող բնակիչներից Ալբերտ Սարգսյանը ներկայացրեց շինարարության ժամանակավոր կասեցումից հետո ստեղծված իրավիճակի և այլ զարգացումների մասին:
Բնակչի խոսքերով, շինարարություն իրականացնող «Լարկո-Գրուպ» ՍՊԸ-ի տնօրենը բազմիցս սուտ հայտարարություններով դիմել է, ոստիկանություն, ինչից հետո սկսվել է խուզարկություն և իրենց անդորրը խաթարված է:
«Նա սուտ հայտարարություն է տվել, որ իրեն կին բնակիչ է ապտակել: Այնուհետև, որ փաստաթուղթ են հափշտակել, որից հետո հարուցվել է քրեական գործ և սկսվել է հետախուզում բնակարաններում», - նշեց նա, հավելելով, որ շենքի բակ են գալիս վարձու մարդիկ, որոնք տարբեր սպառնալիքներ են հչեցնում բնակիչների հասցեին:
Ա. Սարգսյանի խոսքերով, նրանք սպառնում են ասելով՝ չագուչով կխփենք, գլուխը կջարդենք: Բնակչի խոսքերով, գալիս են նաև հանցագործ աշխարհի մարդիկ, որոնք նույնպես սպառնում են, ասելով որ պետք է կառուցվի, մեզ այստեղ տուն են խոստացել:
Նա նաև ներկայացրեց շինարարություն իրականացնողի իրավաբանի նամակն այն մասին, որ եթե իրենց չթողնեն կառուցել բազմաֆունկցիոնալ շենք, ապա բնակիչները կկանգնեն դատարանի առաջ և փոխհատուցում կվճարեն:
«Քաղաքապետարանն այս ստի վրա թույլատրում է այսպիսի շինարարություն», - նշեց նա, հավելելով, որ իրենք պատրաստվում են դիմել նորընտիր ճարտարապետին, որպեսզի փաստաթղթերը նեկայացնի քաղաքապետարան և շուտափույթ լուծում տրվի այդ հարցին: