Ամերիկյան «Ինտեր Մայամիի» եւ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսին սոցիալական ցանցերում արած գրառմամբ մեկնաբանել է Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ից կրած 0:4 հաշվով պարտությունը ԱՄՆ-ում անցկացվող աշխարհի ակումբային առաջնությունում։
«Մեզ համար ավարտվում է աշխարհի ակումբային առաջնությունը Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրից կրած պարտությամբ։ ՊՍԺ-ում կան մարդիկ, որոնց ես գնահատում եմ եւ ուրախ էի դարձյալ տեսնել։
Մենք հեռանում ենք հպարտությամբ, քանի որ հասանք 16 լավագույնների թվում լինելու նպատակին։ Հիմա կկենտրոնանանք ՄԼՍ-ի եւ մյուս մրցաշարերի վրա»,- գրել է Մեսին։
Քառորդ եզրափակիչում ՊՍԺ-ի մրցակիցը կլինի Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան»։