Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Արցախյան շարժման 25-ամյակի կապակցությամբ ուղերձ է հղել, որում, մասնավորապես ասվում է։


«Թանկագին հայրենակիցներ,


Սիրելի արցախցիներ,

Քսանհինգ տարի առաջ այս օրը շրջադարձային եղավ Արցախի եւ ողջ հայ ժողովրդի համար: Մենք ազգովի ոտքի ելանք միջազգային հիմնարար նորմերին ու սկզբունքներին համահունչ խաղաղ եւ օրինական պահանջով` վերականգնելու պատմական արդարությունը, պաշտպանելու մեր ոտնահարված արժանապատվությունը, իրավունքներն ու ազատությունները:


1988-ի շարժման հիմքում ընկած էր մեր ժողովրդի պայքարը` օտար լծի, մոտ յոթ տասնամյակների ընթացքում չդադարող բռնությունների եւ ճնշումների դեմ: Չնայած այդ ամենին, ազգային-ազատագրական այս պոռթկումը չէր սերմանում թշնամանք ու ազգային ատելություն հարեւան ժողովրդի հանդեպ: Բայց Ադրբեջանը մեր քաղաքակիրթ պահանջներին ու խաղաղ ցույցերին պատասխանեց կոտորածներով, ջարդերով, տեղահանումներով ու հալածանքներով: Կրկին փորձ արվեց հայկական հարցը լուծել արդեն իսկ փորձարկված մեթոդով` ցեղասպանությամբ:


Սակայն այս անգամ այդ հրեշավոր քաղաքականությունը դատապարտված էր ձախողման: Համայն հայությունը միավորվեց ու բռունցքվեց` ի պաշտպանություն Արցախի, հայրենի երկրի ու ժողովրդի, նրա պատվի ու հուսալի ապագայի: Հայ ազգի լավագույն զավակների արյան գնով, սխրանքների եւ անձնվիրության շնորհիվ մենք կարողացանք ոչ միայն պաշտպանել մեր անկախությունն ու ազատությունը, այլ նաեւ արժանի հակահարված տալ թշնամուն` խաղաղություն եւ կայունություն հաստատելով ողջ տարածաշրջանում: Հավերժ փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին:


Սիրելի հայրենակիցներ,


Անդրադարձ կատարելով 25 տարվա մեր անցած ճանապարհին` կարող ենք պատվով ու հպարտությամբ արձանագրել, որ կյանքի կոչելով 88-ի գաղափարները, հայ ժողովուրդը վերականգնել է իր պետականությունը, եւ այսօր Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնության շնորհիվ ինքն է տնօրինում իր ճակատագիրը, անսասան պահում հայրենի երկրի սահմանները, շենացնում պապերի հողն ու վառ պահում հարազատ օջախի կրակը: 


Մենք այսուհետ էլ ազգովի կանենք ամեն ինչ այսքան թանկ գնով նվաճած մեր անկախ պետականության շարունակական ամրապնդման համար: Դա բացառիկ արժեք է, առանց որի անհնար է պատկերացնել հայրենիքի ու ժողովրդի հարատեւումն ու զորացումը:


Թանկագին արցախցիներ,


Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ, Հայաստանի եւ Սփյուռքի մեր բոլոր քույրերին ու եղբայրներին այս մեծ տոնի կապակցությամբ: Մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն եւ մեծագույն հաջողություններ»: