ՀԷՑ-ը «խլելու» մասին ՔՊ-ի նախաձեռնությունը կարող է լավ հանգուցալուծում չլինել, հաշվի առնելով այն առաջարկությունները, որն արել է կառավարությունը։

Այսօր Ազգային ժողովում քննարկվելու է Ազգային ժողովի պաշտոնական կայքէջում արդեն իսկ հրապարակված ՀԷՑ-ը ազգայնացնելու, ինչպես համացանցում որակվել է՝ «ՀԷՑ-ը խլելու», օրենսդրական նախագիծը, որը «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության հեղինակած նախագիծն է։

Այս նախագիծը վերաբերում է ընդհանուր էներգետիկ ոլորտի ենթակառուցվածքներին, այդ թվում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին, որի պետականացման գործընթացի մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այսպես՝ նախագծի փաթեթով «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու միջոցով առաջարկվում է նախատեսել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի լիազորությունը՝ նշանակելու ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, ում անցնելու են ՀԷՑ-ը կառավարելու բոլոր լիազորությունները։

Սակայն ինչպես նկատեցինք, Կառավարության՝ նախագծի վերաբերյալ մի քանի էջանոց առաջարկի վերջին տողում գրված է․

«Ամփոփելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ նախագծերի փաթեթը լրամշակման կարիք ունի: »

Ստացվում է, որ Ազգային ժողովի հրատապ արտահերթ նիստում գուցե իշխող խմբակցությունն այս նախագիծը չհաստատի, իսկ պատճառներից մեկը կլինի այն, որ պահի ազդեցության տակ արված հայտարարությունները, կարող են պատճառ դառնալ ՀՀ-ում էներգետիկ ճգնաժամի։

Փորձագետների և մի շարք իրավաբանների կարծիքին այս անգամ, կարծես, կառավարությունն ականջալուր է եղել և հաշվի է առել, որ պետականացումը հեշտ չէ և ֆինանսապես բարդ գործընթաց է։