2020 թվականից, ապա 2023 թվականից առ այսօր Ադբեջանն օկուպացված Արցախում իրականացնում է մշակութային ցեղասպանություն` ջնջելով հայկական հետքն ու հայկականությունն։
Ադրբեջանը ոչ միայն ոչնչացնում է եկեղեցիներ, պատմամշակութային կոթողներ, հուշարձաններ ու գերեզմաններ, այլև բնակավայրեր, բնակարաններ, շենք-շինություններ, բռնի տեղահանված արցախցիներին պատկանող անշարժ գույքեր։
Սա կարևորագույն խնդիր է արցախցիների համար, ինչն անտարբերության մատնելու դեպքում արցախցիները կկորցնեն անգամ իրենց սեփականությանը տեր լինելու իրավունքը, եթե անգամ փաստաթղթերն էլ ունենան։ Միջազգային հարթակում բարձրաձայնելով այս խնդիրը հնարավոր կլինի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել։
Այդ իսկ պատճառով` Արցախի միությունը, Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը և իրենց գործընկերները հավաքագրում են տվյալներ Արցախի Հանրապետության բռնազավթված բնակավայրերում Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացված և իրականացվող մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, որը ներառում է տվյալներ նաև կորցրած բնակարանների (տների) և այլ գույքերի վերաբերյալ:
Տվյալները հավաքագրվում են միջազգային իրավական հնարավոր գործընթացների համար:
Բռնի տեղահանված արցախցիների կողմից ներկայացված տվյալները կիրառվելու են բացառապես միջազգային իրավական նպատակներով՝ հարցաթերթիկը լրացրած քաղաքացու գրավոր համաձայնությամբ: