Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպ Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ խմբակցության կողմից վարչական դատարան ներկայացրած «Տրանսպորտի թանկացման փաթեթում», որը դատարանը վարույթ չընդունեց, իրենք ներկայացրել էին խախտումներ ավտոմոբիլային տրանսպորտի դրույթների գործոններում: Դրանց թվում են` թանկացումներ` օրենքի խախտումներով: Սաֆարյանի դիտարկմաբ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը պետք է որոշում կայացներ` ելնելով բոլորի շահերից, սակայն որոշման կայացումը բխել է միայն գծատերերի շահերից:
«Իրավական ակտերի դրույթներով նույնպես մի շարք նորմեր են խախտվել: Օրենքը թույլ չի տալիս տրոլեյբուսների վարձավճարի բարձրացում, սակայն քաղաքապետն իրեն դրեց օրենսդրի տեղ ու թանկացրեց»,- գնահատեց Սաֆարյանը: Վերջինս նաև հայտնեց, որ իրենց ներկայացրած դիմումում նշել են, թե որոնք են Երևանի անագանու իրավունքներն ու աշխատանքի դրույթները, որոնք, սակայն, իր համոզմամբ` դատավոր Արծրուն Միրզոյանը չի կարդացել: «Օրենքում հստակ ասվում է, որ Երևանի ավագանին պետք է վերահսկի քաղաքապետի կայացրած որոշումները: Մենք էլ, ելնելով այդ օրենքով սահմանված իրավունքից, փորձում ենք վերահսկել, սակայն մեր «արդար» դատարանը խոչընդոտում է դրան»,- հավելեց Սաֆարյանը:
Խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանի գնահատմամբ` հանձնաժողովը, որն ստեղծվել է քաղաքապետւ կողմից տրանսպորտի գնի հարցերը քննարկելու համար, պաշտպանում է Տարոն Մարգարյանին, որպեսզի վերջինս ստեղծված իրավիճակից կարողանա դուրս գալ` ժողովրդի աչքին «թոզ փչելով»: «Հանձնաժողովի անդամաները ձևացնում են, թե լուրջ մասնագետներ են այնտեղ նստած և լուրջ տրամադրվածությամբ քննարկում են տրանսպորտի ուղեվարձի թանկացումը: Սակայն իրականում հանձնաժողովն ստեղծվել է թանկացումը հիմնավորելու համար»,- համոզված է Սանասարյանը:
«Բարև Երևան» խմբակցության անդամները հավաստեցին, որ բողոքարկելու են դատարանի որոշումը, հասնելու են անգամ մինչև Եվրոպական դատարան մինչև իրենց ուզած արդյունքին հասնելը: «Մենք ներսում` դատարաններ, ԱԺ և այլն, ինչ կարողանանք կանենք, իսկ հանրությունն իր քաղաքացիական ակցիաներով` դրսում պետք է անի հնարավոր ամեն բան: Եվ միասին, միահամուռ ուժերով կարող ենք դրական արդյունքի հասնել»,- նշեցին անդամները:
Նրանց խոսքերով` դատավորն անգամ իր տանը չի կարող նման որոշում կայացնել` ծայրահեղ անհեթեթ հիմնավորումներով, իսկ քաղաքապետ Տարոն Մարգարյանն իրեն օրենսդրի տեղ է դնում և ինքնակոչ հրամանագրեր ստորագրում: