Թող ես անձնապես պարտություն կրեի, բայց Արցախը լիներ հայկական, թող ես անձնապես պարտություն կրեի, բայց հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ իրենց հարազատների գերեզմանին գնալու հնարավորություն ունենային, թող ես անձնապես պարտություն կրեի, բայց հազարավոր հերոսներ ողջ լինեին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 8–ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, ում նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և կալանավորելու համաձայնություն տալու մասին միջնորդագիրն է քննարկվում։

Նա նշեց, որ արդեն ամեն ինչ որոշված է, ամեն ինչ հստակ է, անձեռնմխելիությունից զրկելու , կալանավորման որոշումն էլ կա. «Ես այս թանկ ժամանակը, որ պետք է անցկացնեմ այստեղ, որոշել եմ գնամ, իմ անչափահաս 4 երեխաների, տիկնոջ հետ գնամ եկեղեցի, մոմ վառեմ ու գնամ քննչական։ Ցտեսություն։ Գնացինք ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ»։

Ընդդիմադիր պատգամավորները ծափահարեցին Արթուր Սարգսյանին։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Եթե ճիշտ եմ հասկանում, հրաժարվում եք հարցերին պատասխանելուց։ Հասկանալի որոշում է»։

Այնուհետև իավիճակը լարվեց ԱԺ-ում, պատգամավորները սկսեցին քաշքշել միմյանց։ Ռուբինյանը հայտարարեց ընդմիջում։ Ներս մտան անվտանգության աշխատակիցները։

«Հայաստան» խմբակցությունից Քրիստնե Վարդանյանը ուղիղ եթերում ցուցադրել է քաշքշուքը եւ նշել. «Երբ Արթուր Սարգսյանը հայտարարեց, որ ուզում է իր ազատության մեջ գտնվելու մի քանի ժամն անցկացնի ընտանիքի հետ եւ դուրս էր գալիս դահլիճից, նրա հետեւից վազեց ՔՊ–ական Վահե Ղալումյանը, որ հարձակվի նրա վրա»։ Նա նաեւ ցուցադրեց անծանոթ մարդկանց, որոնք այդ պահին մտել են ԱԺ նիստերի դահլիճ։