ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցյալ տարի խոշոր դոնորների հետ մասնավոր հանդիպման ժամանակ պատմել է, որ մի անգամ փորձել է համոզել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին չներխուժել Ուկրաինա՝ սպառնալով «ռմբակոծել Մոսկվան»։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով լրագրողներ Ջոշ Դոուսիի, Թայլեր Փեյջերի և Այզեկ Արնսդորֆի կողմից ձեռք բերված աուդիոձայնագրություններին։
«Ես Պուտինին ասացի. «Եթե դու մտնես Ուկրաինա, ես ռմբակոծելու եմ Մոսկվան։ Ասում եմ քեզ, ես այլընտրանք չեմ ունենալու»», - ասել է Թրամփը իր քարոզարշավի համար փակ դրամահավաքի ժամանակ։ Նրա խոսքով՝ Պուտինը նրան լիովին չի հավատացել, բայց «հավատացել է առնվազն 10%-ով»։
Նույն զրույցում Թրամփը պնդել է, որ նմանապես «Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին դրել է իր տեղը»՝ սպառնալով ռմբակոծել Պեկինը, եթե Չինաստանը հարձակվի Թայվանի վրա։ «Նա կարծում էր, որ ես խելագար եմ», - ասել է Թրամփը Սի Ցզինպինի մասին։ «Բայց մենք երբեք խնդիր չենք ունեցել»։
Այս անկեղծ խոսակցությունները տեղի են ունեցել 2024 թվականին Նյու Յորքում և Ֆլորիդայում տեղի ունեցած մի շարք փակ միջոցառումների ժամանակ, երբ Թրամփը ակտիվորեն առաջ էր մղում իր քարոզարշավը և ստանում հարուստ դոնորների աջակցությունը: Արտաքին քաղաքականության կոշտ հռետորաբանությունից բացի, նրա ելույթներում նաև խոստանում էր «հեռացնել» կառավարության դեմ բողոքի ցույցերին մասնակցող ուսանողներին և քննադատում էր ԱՄՆ սոցիալական ապահովության համակարգը՝ ասելով, որ «սոցիալական նպաստ ստացողները միշտ կքվեարկեն դեմոկրատների օգտին»: