Մեծ Բրիտանիան պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա՝ Ռուսաստանի հետ հնարավոր հրադադարին «աջակցելու» համար, հայտարարել է պաշտպանության նախարար Ջոն Հիլին: Մեծ Բրիտանիայի վարչապետ սըր Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի օրը բանակցություններ կվարեն այլ երկրների հետ, որոնք մաս են կազմում այսպես կոչված «Կամավորների կոալիցիայի»՝ պատերազմի ավարտի դեպքում Ուկրաինայում խաղաղությունը պահպանելու պատրաստակամ երկրների խմբի, հաղորդում է Daily Express-ը:
Ակնկալվում է, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կապահովեն խաղաղապահ ուժերի հիմնական մասը, չնայած ծրագիրը կպահանջի նաև ԱՄՆ աջակցությունը: «Վարչապետը միշտ հստակ ասել է, որ պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա՝ հրադադարի ապահովմանը նպաստելու համար», - ասել է Հիլին Times Radio-ին:
Նախկինում հաղորդվել էրշ, որ Լոնդոնը, իբր, հրաժարվել է խաղաղապահ ուժեր ուղարկելու գաղափարից՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ծրագրին աջակցելու դժկամության պատճառով, սակայն պաշտպանության նախարարի հայտարարությունը ցույց է տալիս, որ նախաձեռնությունը մնում է սեղանին:
Էմանուել Մակրոնի Մեծ Բրիտանիա կատարած այցի ընթացքում առաջնորդները առցանց բանակցություններ կանցկացնեն «Կամավորների կոալիցիայի» մյուս երկրների հետ։ Բացի այդ, կողմերը քննարկում են մինչև 50,000 զինվորներից բաղկացած համատեղ զորախմբի ստեղծումը՝ Եվրոպան պաշտպանելու և միջուկային համագործակցությունն ամրապնդելու համար։
«Սա Brexit-ից հետո եվրոպացի դաշնակցի հետ առաջին գագաթնաժողովն է և այն հստակ ցույց է տալիս, որ մենք մտադիր ենք վերագործարկել մեր հարաբերությունները Եվրոպայում հիմնական գործընկերների հետ», - Sky News-ին ասել է Հիլին։ «Ֆրանսիան միշտ էլ եղել է վաղեմի դաշնակից։ Մենք ամրապնդում ենք ռազմական համագործակցությունը, ներառյալ միջուկային համագործակցությունը, համատեղ վարժանքները, փորձարկումները և զսպման համակարգումը՝ Եվրոպային ուղղված լուրջ սպառնալիքների ֆոնին»։
Հայտարարվել է նաև, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան որոշել են պատվիրել Storm Shadow նոր հրթիռներ (Ֆրանսիայում հայտնի են որպես SCALP) և արագացնել դրանց փոխարինողների մշակումը։ Այս հեռահար հրթիռներն արդեն փոխանցվել են Ուկրաինա՝ Ռուսաստանի տարածքում հարվածներ հասցնելու համար։