Մադրիդի «Ռեալից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած 39-ամյա խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պայմանագիր է կնքել իտալական «Միլանի» հետ։ Այն նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը, հաղորդում է x.com/FabrizioRomano-ն։

«Ռեալում» Մոդրիչի վերջին խաղում Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը 0:4 հաշվով պարտվել էր Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ին։

Մոդրիչը 2012-ին Լոնդոնի «Տոտենհեմից» էր տեղափոխվել «Ռեալ», որի հետ դարձել է Իսպանիայի քառակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, հնգակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի 6-ակի գավաթակիր, Եվրոպայի հնգակի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային առաջնության հնգակի հաղթող, նվաճել է նաեւ Միջմայրցամաքային գավաթը։

Մոդրիչը «Ռեալում» մասնակցել է 597 հանդիպման, խփել է 43 գոլ, կատարել 95 գոլային փոխանցում։