ՆԱՏՕ-ի երկրներին զենք վաճառելու ԱՄՆ-ի որոշումը՝ Ուկրաինային հետագա փոխանցման համար, Վաշինգտոնի համար «բիզնես է»։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համապատասխան խոսքերը։
«Սա բիզնես է։ Գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում։ Միևնույն է, Ուկրաինային զենքով են հագեցնում», - ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ըստ Պեսկովի, Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության և նրա մտահոգությունները հաշվի առնելու տարբերակը կարող էր այլընտրանք դառնալ եվրոպացի հարկատուների ծախսերին, սակայն եվրոպական երկրներում այն չի քննարկվում։
«Այլ տարբերակը կարող էր չնախատեսել այդքան գումարի հատկացում եվրոպացի հարկատուների գրպանից։ Դրա համար պարզապես պետք է հաշվի առնել Ռուսաստանի մտահոգությունները և երկխոսություն սկսել՝ փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու պատրաստակամության հիման վրա։ Տրամաբանությունն ու բանականությունը թելադրում են հենց այս ուղու գերակայությունը։ Բայց մենք տեսնում ենք, որ այն այժմ պահանջված չէ և նույնիսկ չի քննարկվում», - նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Պեսկովը նաև ընդգծել է, որ Եվրոպան «փորձում է Կիևին դրդել շարունակել պատերազմն ամեն գնով»։
«Եվրոպացիները քննարկում են Ուկրաինայի ֆինանսավորման տարբեր տարբերակներ, որպեսզի նրան դրդեն ամեն գնով շարունակել պատերազմը՝ այն, ինչ մենք անվանում ենք պատերազմ մինչև վերջին ուկրաինացին», - ասել է նա՝ մեկնաբանելով Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի «ուղերձը» Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներին։