Ռուսական զորքերը այսօր՝ հուլիսի 12-ին, Ուկրաինայի վրա արձակել են 26 հրթիռ և գրեթե 600 անօդաչու թռչող սարք, որոնց կեսից ավելին «Շահեդներ» են եղել, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, հաղորդում է RBK-Ukraine-ն։
«Այսօր երեկոյան Ռուսաստանը Խարկովի և Սումիի մարզերից կրակ է բացել Լվովի և Բուկովինայի ուղղությամբ։ Եղել է 26 թևավոր հրթիռ և 597 անօդաչու թռչող սարք, որոնց կեսից ավելին «Շահեդներ» են եղել։ Չեզոքացվել է ավելի քան 20 հրթիռ և հարձակողական անօդաչու թռչող սարքերի ճնշող մեծամասնությունը», - ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ հարվածներ են հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ բնակելի շենքերին։ Այս պահի դրությամբ Չեռնովցիում հայտնի է 2 զոհի մասին։ Հրթիռակոծության հետևանքով վիրավորված ևս 20 մարդ ստանում է անհրաժեշտ օգնությունը։
«Ռուսաստանի օդային հարվածների տեմպը պահանջում է արագ որոշումներ և այն կարող է դանդաղեցվել հենց հիմա պատժամիջոցներով։ Մեզ անհրաժեշտ են խիստ երկրորդական պատժամիջոցներ բոլոր նրանց նկատմամբ, ովքեր օգնում են Ռուսաստանի Դաշնությանը անօդաչու թռչող սարքեր արտադրել և նավթից գումար վաստակել։ Մեզ անհրաժեշտ է ավելի շատ հակաօդային պաշտպանություն և ներդրումներ անօդաչու թռչող սարքերի մեջ, որոնք արդեն լավ արդյունքներ են ցույց տալիս», - հավելել է նա։
Հուլիսի 12-ի գիշերը ռուսական զորքերը կամիկաձե անօդաչու թռչող սարքերով և թևավոր հրթիռներով հարձակվել են Ուկրաինայի վրա։
Լրատվամիջոցները գրում են, որ հարձակման էպիկենտրոնները դարձել են Չեռնովցին, Լվովը և Լուցկը։