Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը հայտարարեց , որ նա այն կարծիքին է, որ եթե գլխավոր դատախազի ընտրություններում պնդում են, որ երկու անվավերներն էլ և կողմի, և դեմի վրա են, ինքը վստահ է, որ ինչ որ ձևով քողարկվել են: «Ես կարող եմ արդեն մտածել, որ այդտեղ բլեֆ ա եղել և դեմ ձայներն ինչ-որ ձևով քողարկվել են: Ես կարող եմ հաստատ ասել, որ դրանցից մեկը Դեմիրճյանն էր: Պարոն Ավետիսյանը հաստատեց, որ տեսել է, թե ինչպես է Դեմիրճյանը 4 ձև ծալել: Ես էլ ասացի` Դուք նույնիսկ ծալելու ձևով գիտե՞ք, թե որն ում բյուլետենն է, ասաց` այո»,- նշեց Սարգսյանը:

Նրա հավաստմամբ` մյուս անվավերն էլ նմանատիպ քվեաթերթիկում է եղել, և երկուսն էլ անվավեր ճանաչվեցին:

«Հիմա ես հիմքեր ունեմ մտածելու, որ այնտեղ էլի ինչ որ բան է եղել, որը հիմա ուղղել են: Որովհետև չէր կարող 3 դեմ ձայն լիներ: Ես գիտեմ, որ ֆրակցիան ամբողջությամբ դեմ է քվեարկել: Մի վայրկայն էլ չեմ կասկածում»,- հավաստեց Սարգսյանը` հավելելով, որ խնդիր է եղել` ընդդիմությանն ընդդիմության դեմ վարկաբեկելու, և դա իրականացվում են:

Նա նաև հավաստեց, որ ինքն իր աչքերով տեսել է, թե որոնք են անվավերները: «Հիմա ինձ փորձում են համոզել, որ անվավերներից 2-ի վրա էլ գիծ է եղել, ուրեմն` թող վերահաշվարկ անեն: Եվ ես չեմ բացառում, որ լցոնում է եղել»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:

Այս հայտարարություններին ի պատասխան` ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյան ասաց, որ որևէ մեկը դեմ չի քվեարկել: «Թող իզուր տեղը չփորձեն քաղաքական ինտրիգաների մեջ քաշեն: Ընդդիմություն ունենք, թե ոչ, ինքներդ որոշեք»,- ասաց Ավետիսյանը:

Լրագրողների այն հարցին, թե կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ ԱԺ-ում 3 ընդդիմադիրներ ունենք, նա պատասխանեց, որ հնարավոր է: