Ռուսաստանը սկսել է բունկերներ և բետոնե անգարներ կառուցել իր ավիաբազաներում՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու նպատակով։ Այս մասին են վկայում արբանյակային լուսանկարները, որոնք ուսումնասիրվել են Frontelligence Insight հետախուզական կազմակերպության կողմից, գրում է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը (ISW)։ Հուլիսի 7-ին արված կադրերի համաձայն՝ Կուրսկի մարզի Խալինո օդանավակայանում կառուցվել են հողային ծածկույթով ամրացված 10 բունկերներ, առանց հողային ծածկույթի, բայց բետոնե 12 բունկերային կառույցներ և 8 անգարանման շինություններ։

Նաև հուլիսի 9-ի լուսանկարներում երևում է, որ ռուս զինվորականները բետոնից ստեղծված բունկերային տիպի երկու կառույցներ են ստեղծել օկուպացված Ղրիմի Սակի ավիաբազայում, ինչպես նաև ինքնաթիռների համար բետոնե թաքստոցներ։ Սա հաստատում են Planet Labs ընկերության կողմից մոտավորապես նույն ամսաթվերին արված կադրերը։ Միևնույն ժամանակ, այլ ավիաբազաներում, օրինակ՝ օկուպացված Ղրիմի Ջանկոյում, դատելով լուսանկարներից կարելի է ասել, որ շինարարական աշխատանքներ չեն իրականացվում։ ISW վերլուծաբանները պաշտպանական կառույցների ստեղծումն ուղղակիորեն կապում են Ուկրաինայի անվտանգության ծառայության «Սարդոստայն» օպերացիայի հետ, որի ընթացքում ռազմավարական ռմբակոծիչներ ունեցող Ռուսաստանի ավիաբազաները ենթարկվել են բեռնատարներից արձակված անօդաչու թռչող սարքերի հարձակումների։ Մասնավորապես, հարվածի տակ են հայտնվել Մուրմանսկի, Իրկուտսկի, Ռյազանի և Իվանովոյի մարզերի ռազմական օդանավակայանները։

Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտնել է ռուսական 12 ինքնաթիռների, այդ թվում՝ Տու-22Մ ռմբակոծիչների, ինչպես նաև մի քանի Ա-50 ռադիոլոկացիոն հսկողության ինքնաթիռների ոչնչացման մասին, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կազմում է 300 միլիոն դոլար։ Դրանից հետո Washington Post (WaPo) պարբերականի Կիևի աղբյուրը հայտնել է, որ ուկրաինական հատուկ ծառայությունները շարունակում են «բարդ գործողություններ» մշակել Ռուսաստանի տարածքում։


Ռուսաստանը՝ ի պատասխան սպառնալիքի, տասնյակ ռմբակոծիչներ է տեղափոխել Ուկրաինայի սահմաններից ավելի հեռու գտնվող ավիաբազաներ։ OSINT-ի վերլուծական AviVector-ի ուսումնասիրած արբանյակային լուսանկարների համաձայն՝ հունիսի սկզբին Իրկուտսկի մարզի «Բելայա» և Մուրմանսկի մարզի «Օլենյա» օդանավակայաններում գտնվող բոլոր Տու-160 ինքնաթիռները լքել են իրենց բազավորման վայրերը։ Երկու ռմբակոծիչ տեղակայվել է Անադիրում՝ Չուկոտկայում, երեքը՝ Ելիզովոյում՝ Կամչատկայում, ևս երեքը հայտնվել են Թաթարստանի «Բորիսոգլեբսկոյե» օդանավակայանում։

Մուրմանսկի մերձակա ավիաբազայից նաև տեղափոխել են 11 Տու-22Մ3 ռմբակոծիչներ և բոլոր Տու-95ՄՍ ինքնաթիռները։ Ինքնաթիռները տեղակայվել են Ամուրի մարզի «Ուկրաինկա», Սարատովի մարզի «Էնգելս-2», Թաթարստանի «Բորիսոգլեբսկոյե» օդանավակայաններում և Հյուսիսային Օսիայի Մոզդոկի ավիաբազայում, որը վերջին ժամանակներում գործնականում չի օգտագործվում ռուսական զինվորականների կողմից։

Ռազմավարական ինքնաթիռները հեռավոր օդանավակայաններ ուղարկելով (այդ թվում՝ Հեռավոր Արևելք)՝ Մոսկվան փորձում է նվազեցնել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հետագա հարձակումների ռիսկը, ասել է Թագավորական միացյալ ծառայությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Ջասթին Բրոնկը։ Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանը, հնարավոր է, որ ստիպված լինի ավելի հաճախ տեղափոխել ռազմավարական ինքնաթիռներ օդանավակայանների միջև, ասել է Թագավորական ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Գրեգ Բեգվելը։