«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ԱԱԾ մեկուսարանում արդեն շուրջ մեկ ամիս գտնվող Սամվել Կարապետյանը նախօրեին հայտարարեց նոր քաղաքական ուժի մեկնարկի մասին:

Բանտից արված իր հայտարարության մեջ «Տաշիր գրուպ»-ի սեփականատերը հատուկ ընդգծում է՝ հարգելով մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերին, իր քաղաքական ուժն է ձեւավորում` նոր թիմով եւ իր պատկերացումներով:

Թե ովքեր են լինելու այդ նոր թիմի անդամները, պարզ չէ: Միայն նշում է, որ այդ ուժը պատրաստ է համագործակցել համախոհների հետ: Մեզ ասացին, որ հայտարարության մեջ հատուկ է ընդգծել, որ նոր թիմ է լինելու, որում տեղ չեն ունենալու հին խաղացողները։

Բանն այն է, որ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի հուլիսի 4-ին տեղի ունեցած հավաք-երթից հետո Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմակիցների միջեւ հրապարակային բախում սկսվեց։

Քանի որ «Հայաստան» դաշինքի 3 պատգամավոր ելույթ ունեցան՝ Աղվան Վարդանյանը, Գառնիկ Դանիելյանը եւ Աննա Գրիգորյանը, կասկածներ տարածվեցին, թե ՀՀԿ-ն խաղից դուրս վիճակում է հայտնվել, իբր՝ Սամվել Կարապետյանն է այդպես ցանկացել։

Իրականում Սերժ Սարգսյանն ու Ս. Կարապետյանը բավականին ջերմ հարաբերություններ ունեն․ ՀՀ երրորդ նախագահը ներկա է գտնվել Կարապետյանիհոր թաղման եւ քառասունքի արարողություններին։

Ինչեւէ, այս բանավեճից հետո իշխանական քարոզիչներն անմիջապես մանիպուլացրին իրավիճակը՝ Սամվել Կարապետյանին «տեղավորելով» նախկին նախագահների շարքում։

Մինչդեռ տեղեկություններ կան, որ Կարապետյանի նոր թիմում հնարավորինս նոր, թարմ դեմքեր են լինելու, իսկ կուսակցությունը, ըստ ամենայնի, կղեկավարի Կարապետյանների որդիներից մեկը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: