«Փաստ» օրաթերթը գրում է. «Չնայած տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից հնչող կոչերին ու խաղաղության մասին հավաստիացումներին՝ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում Ադրբեջանը շարունակում է սահմանային լարվածություն հրահրել։ Մեր ունեցած տեղեկություններով, անցած շաբաթվա ընթացքում ՀՀ արևելյան և հյուսիսարևելյան սահմանային ուղղություններում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը՝ տարբեր ինտենսիվությամբ կրակոցներով։


Մասնավորաբար, Խոզնավարի ուղղությամբ գրեթե ամեն գիշեր արձանագրվում են կրակոցներ՝ ՊԿ և ինքնաձիգ զենքերից՝ միջինը 20–30 փամփուշտ յուրաքանչյուրից։ Վարդենիսի ուղղությամբ կրակոցներ գրանցվում են շաբաթական 3–4 անգամ՝ հիմնականում գիշերային ժամերին։ Հակառակորդը կիրառում է ավտոմատ ինքնաձիգներ՝ միջինը ավել ի քան 30 փամփուշտ։ Բերդի՝ Մեհրաբի դիրքերում կրակոցները գրեթե ամենօրյա բնույթ են կրում՝ հատկապես երեկոյան ժամերին։ Կիրառվում են ԱԿՄ, ԱԿՍ տեսակի զենքեր՝ միջինը 30 և ավելի փամփուշտներով։ Հնարավոր է՝ առավելագույնը շաբաթական ընդամենը 1 կամ 2 օր չարձանագրվի կրակոց։


«Ադրբեջանը չի ստորագրելու խաղաղության պայմանագիր Հայաստանի հետ, անգամ եթե համաձայնենք իրենց բոլոր պահանջներին, անգամ 300 հազար ադրբեջանցու տեղափոխմանը»,անդրադառնալով թեմային՝ ասում է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը: Ըստ նրա, Բաքուն միշտ նոր պահանջներ է դնելու, որովհետև Հայաստանի ղեկավարը մարդ է, որը համաձայնում է ամեն ինչի։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում