«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ ՆՍՕՏՏ Ամենայն հայոց Կաթողիկոսին հեռացնելու եւ նրան փոխարինող գտնելու օպերացիայի պատասխանատվությունը դրվել է Կառավարության աշխատակազմի վրա: Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ հիմնական աշխատանքն իրականացնում է աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը` պարբերաբար իրավիճակը ներկայացնելով Փաշինյանին:

Ըստ մեր տեղեկությունների՝ Փաշինյանն այդքան էլ գոհ չէ Հարությունյանի աշխատանքից, քանի որ դեռեւս հստակ քայլեր Վեհափառի հեռացման ուղղությամբ չեն արվել. հոգեւորականները պարզապես ավելի են թշնամացել իշխանությունների հետ:

Եկեղեցականների շրջանում զայրույթ է առաջացրել Հարությունյանի ֆեյսբուքյան վերջին գրառումը, որտեղ նա հայտարարել է. «Եպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարությունը խայտառակություն է եւ արձանագրում, որ Կտրիճ Ներսիսյանը հովանավորում է մեր երկրում ահաբեկչությունը եւ ապապետականությունը: Խայտառակություն է նրանց կոչը՝ ազատելու քրեական օրենսգրքի ծանրագույն մեղադրանքներով կալանավայրում հայտնվածներին: Հարգելի եպիսկոպոսներ, գիտենք, որ Ձեզանից շատերը պատանդի կարգավիճակում են Կտրիճ եւ Եզրաս Ներսիսյանների ձեռքում: Ընտրությունը ձերն է: Եթե պատանդի կարգավիճակում եք, նշան տվեք: Բայց դուք էլ պետք է քայլ անեք՝ ազատագրելու Հայ առաքելական եկեղեցին այս աղետից»:

Իշխանական թեւը եւս ճիշտ չի համարել Հարությունյանի այս գրառումը, որը, փոխանակ ներքին կարգով հարթի եկեղեցի-իշխանություն փոխհարաբերությունները, ավելի է վատացնում իրավիճակը: Ըստ կառավարության մեր աղբյուրների, եթե Հարությունյանը ձախողի նոր Կաթողիկոսի ընտրության, Վեհարանից Գարեգին Բ-ին «հեռացնելու» պլանները, ապա չի բացառվում, որ Փաշինյանը նրան կհեռացնի այդ պաշտոնից:

Այնպես որ, ամենայն հավանականությամբ, առաջիկայում լուրջ զարգացումներ են սպասվում հայրենի Կառավարությունում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: