ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բժշկական զննում է անցել ոտքերի «թեթև այտուցի» և ձեռքի կապտուկների համար, որը բացահայտել է 70 տարեկանից բարձր մարդկանց մոտ հաճախ հանդիպող երակների հիվանդություն, հաղորդում է The Hill-ը։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը ճեպազրույցի ժամանակ հրապարակել է Թրամփի բժշկի գրությունը, որում մանրամասն նկարագրվել է զննումը։


Թրամփը ենթարկվել է ուլտրաձայնային, ինչպես նաև «համալիր հետազոտությունների», որը ներառում էր արյան անոթների ախտորոշիչ հետազոտություն։ Այն ցույց է տվել, որ 79-ամյա Թրամփը խրոնիկական երակային անբավարարություն ունի։


Քլիվլենդի կլինիկայի տվյալներով՝ այդ վիճակն ի հայտ է գալիս, երբ մարդու ոտքերի երակները դժվարանում են արյունը հետ մղել դեպի սիրտ, ինչի հետևանքով այն կուտակվում է։