Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը չի ժամանի Մոսկվա Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) տնտեսական խորհրդի նիստին: Այս մասին Trend-ին հայտնել է տեղեկացված աղբյուրը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Բաքուն որոշել է չմասնակցել ԱՊՀ երկրների տնտեսական համագործակցությունն ապահովող մարմնի աշխատանքներին՝ Մոսկվայի հետ սրվող հակամարտության պատճառով: «Այս որոշման պատճառը Եկատերինբուրգում տեղի ունեցած վերջին իրադարձություններն են, անցյալ տարվա վերջին ռուսների կողմից խոցված AZAL ինքնաթիռը և ռուսական կողմի անպատրաստությունը՝ այդ հարցերը լուծելու համար համարժեք քայլեր ձեռնարկելու», - ասել է աղբյուրը:
Վերջին տարվա ընթացքում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում սրման երկու փուլ է ի հայտ եկել: 2024 թվականի դեկտեմբերի վերջին Ղազախստանում վթարի է ենթարկվել ադրբեջանական AZAL ավիաընկերության քաղաքացիական ինքնաթիռը, որը, նախնական տվյալներով, խոցվել է Ռուսաստանի ՀՕՊ համակարգի կողմից Գրոզնիում՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքի վրա հարձակման ժամանակ: