Ուկրաինան ունի միջազգային արբիտրաժների մի քանի դրական որոշում՝ ընդհանուր 6,9 միլիարդ դոլար գումարի չափով։ Այդ միջոցները պատրաստվում են բռնագանձել Ռուսաստանից և «Գազպրոմից», այս մասին իր Telegram-ալիքում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Զելենսկին «Նավթոգազի» վարչության ղեկավար Սերգեյ Կորեցկու հետ քննարկել է ի շահ Ուկրաինայի կայացված արբիտրաժային որոշումների կատարման ուղիները։ Դա տեղի է ունեցել ուկրաինացի դեսպանների հետ խորհրդակցության նախապատրաստման և դիվանագիտության համար խնդիրների թարմացման ժամանակ։

«Ներկայումս արդեն ունենք միջազգային արբիտրաժների մի քանի դրական որոշում՝ ընդհանուր 6,9 միլիարդ դոլար գումարի չափով։ Սրանք բացարձակապես արդարացի որոշումներ են, որոնք ցուցադրում են Ռուսաստանի և «Գազպրոմի» պատասխանատվությունը և հաստատում են միջազգային իրավունքի ուժը»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը հավելել է, որ այդ միջոցները բռնագանձելու համար կոնկրետ քայլեր են նախապատրաստվում, և վաղը՝ հուլիսի 21-ին, ուկրաինացի դեսպանները համապատասխան հանձնարարականներ կստանան։

Զելենսկին Կորեցկու հետ քննարկել է նաև նոր ջեռուցման սեզոնին նախապատրաստվելու և Եվրոպայում գործընկերների ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ պայմանավորվածությունները, որոնք անհրաժեշտ են Ուկրաինայի կայունության համար։