«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Զարուհի Փոստանջյանի նախագահին ուղղված հարցում անտեղի քայլ չի տեսնում: Այս մասին վերջինս հայտնեց YerevanNews.am-ի հետ զրույցում և ասաց.
«Զարուհի Փստանջյանը մեր պատգամավորներից է և վայելում է մեր քաղաքացիների սերն ու հարգանքը և որպես քաղաքացի պայքարում է ՀՀ-ում ազատ կարծիք հայտնելու իրավունքի համար, բնականաբր ինքն այդ իրավունքից օգտվում է և կարող է ՀՀ յուրաքանչյուր պաշտոնատար անձի, յուրաքանչյուր պետական գաղտնիք չպարունակող և անձնական կյանքին չվերաբերող հարց ուղղել աշխարհի ցանկացած երկրում»:
Լրագրողի այն դիտարկմանը, որ նմանատիպ հարց կարո՞ղ է ուղղել նույնիսկ մեր թշնամիների ներկայությամբ, Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Նույնիսկ եթե ամբողջովին շրջապատված լինի թշնամիներով, որովհետև մեր թշնամիների ուրախության առարկան ոչ թե Զարուհի Փոստանջյանի հարցն է, այլ մեր դատարկվող Հայաստանը»:
Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանն այսօր ԵԽԽՎ դահլիճում նախագահ Սերժ Սարգսյանին հետևյալ հարցն է ուղղել. «ճիշտ է արդյոք, որ Դուք 70 մլն եվրո եք տանուլ տվել Եվրոպայի խաղատներից մեկում»:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահն ամեն կերպ խուսափեց պատասխանել մեր այն հարցին, թե արդյոք ինքը նման հարց կուղեր նախագահին ԵԽԽՎ դահլիճից: Փոխարենը պատասխանեց
«Նախ հենց այդ նույն իշխանությունների ակտիվ ջանքերով, կեղծված ընտրությունների շնորհիվ ես պատգամավոր չեմ, եթե նույնիսկ ես պատգամավոր լինեի ես չեմ կարող ասել այս պահին նմանատիպ հարց կտայի թե չէի տա: Ես կարծում եմ, որ նմանատիպ հարցադրման իրավունք ուներ Զարուհի Փոստանջյանը: Որևէ խորհուրդ չէի տա Փոստանջյանին, որովհետև ինքը փորձառու քաղաքական գործիչ է և վայելում է մեր հասարակության սերն ու հարգանքը, եթե ես զգամ, որ մեր քաղաքացիները չեն հավանում Զարուհու գործունեությունը, նոր այդ դեպքում ես իրեն որևէ խորհուրդ կտայի»:
Լրագրողի այն դիտարկմանը, որ սոցիալական ցանցում շատ ակտիվ քննադատում են ԱԺ պատգամավորի ելույթը և շատերն անգամ պահանջում են նրան հեռացնել կուսակցության շարքերից, Արմեն Մարտիրոսյանը հետևյալ կերպ արձագանքեց մեր դիտարկմանը.
«Ոչ մի դեպքում, չհասկացա, այդ քննադատողները թող գնան մարդասպաների և նրանց հարազատների դեմ պայքարեն նոր հետո Զարուհի Փոստանջյանին կուսակցությունից հեռացնելուց խոսեն: Փոստանջյանը չի կատարել քայլ, որը օրենքի շրջանակից դուրս է գտնվում կամ քաղաքական տրամաբանությունից, բարոյականությունից դուրս է գտնվում, որ կուսակցությունում նման հարց քննարկվի: Էտ ի՞նչ է անբարոյական է նման հարց տալը, բա բարոյակա՞ն է, որ դրսից բերած գումարները յուրացնում են, դրսից աջակցություն են ստանում կեղծված ընտրությունների արդյունքները պաշտպանելու համար, դրանք շատ բարոյական է հա՞: Դրանք բոլորը բարոյական են, Փոստանջյանի հարցադրումը բարոյական չէ, ես կարծում եմ, որ դա տրամաբանությունից դուրս քննարկում է»: