«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանաբնակ գործարար եւ հայաստանյան խոշորագույն բարերար Սամվել Կարապետյանը քաղաքականություն մուտք գործելու վճռականություն է դրսեւորում անգամ կալանավայրից։ Երեւանի «Կենտրոն» ՔԿՀ-ի ԱԱԾ «պադվալից» նա արդեն հայտարարել է՝ նոր քաղաքական թիմ է ձեւավորում եւ մտադիր է մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, Կարապետյանը միանշանակ որոշել է ընտրություններին մասնակցել առանձին՝ առանց միավորվելու նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հետ։ Նպատակ ունի կազմել տարբեր ոլորտների բացառապես պրոֆեսիոնալներից բաղկացած թիմ, որոնք իրական կարողություն կունենան համակարգային բարեփոխումներ նախաձեռնելու։
Կարապետյանի ձեւակերպմամբ, այս թիմը չի լինելու բաժանարար գծերի կողմում։ Նա ընդգծում է՝ պրոֆեսիոնալներ կան նաեւ գործող իշխանության ներսում, եւ նրանք պետք է շարունակեն իրենց գործունեությունը ի շահ երկրի։ Քաղաքական մեկնաբանները դա համարում են առողջ ուղերձ բեւեռացված հասարակության պայմաններում։
Սակայն Կարապետյանի հայտը, ըստ նույն շրջանակների, ուղեկցվում է ոչ այնքան ճիշտ մի հաշվարկով. մեր տեղեկություններով՝ նա մտադիր է հիմնել սեփական մեդիա։ Գործնական փորձը ցույց է տալիս, որ նման քարոզչական հարթակները հաճախ չեն արդարացնում իրենց՝ խոշոր ծախսեր, կարճաժամկետ արդյունավետություն, բարձր աշխատավարձեր ընտրություններից առաջ, եւ ոչինչ՝ հետո։
Այնուամենայնիվ, Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքացի Սամվել Կարապետյանը խաղի մեջ է մտնում։ Նրա քաղաքական հայտը ներկայացված է։ Մնում է պարզել, թե ով է գլխավորելու թիմը. լիդերի հարցը դեռ քննարկումների փուլում է»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: