Ուկրաինայի եվրոպական դաշնակիցները մտադիր են Եվրամիությունից տասնյակ միլիարդավոր եվրոյի վարկեր պահանջել՝ Ուկրաինայի համար զենքի համատեղ գնումներ կատարելու նպատակով։ Այս մասին հայտնում է եվրոպական Politico պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ նրանց տեղեկությունների՝ Կիևի հիմնական կողմնակիցները «մտադիր են տասնյակ միլիարդավոր եվրոներ խնդրել ԵՄ վարկային մեխանիզմի միջոցով՝ զենքի համատեղ գնումների, ինչպես նաև սեփական պաշտպանությունը ամրապնդելու համար»։ Եվրահանաձնաժողովի ներկայացուցիչ Թոմ Ռենիեի խոսքերով՝ Բելգիան, Բուլղարիան, Հունգարիան, Կիպրոսը, Լիտվան, Իսպանիան, Ֆինլանդիան, Չեխիան և Էստոնիան արդեն պաշտոնական մակարդակով հետաքրքրություն են հայտնել վարկեր ստանալու հարցում, Ֆրանսիան նույնպես դիտարկում է նման վարկի դիմելու հնարավորությունը, իսկ Գերմանիան, Նիդեռլանդները և Շվեդիան, հավանաբար, կհրաժարվեն սխեմային մասնակցելուց։ Պարբերականը նշում է, որ նման մեխանիզմը թույլ կտա երկրներին զենք ձեռք բերել ավելի ցածր գնով, քան եթե յուրաքանչյուր երկիր այն առանձին գնի և փոխանցի Ուկրաինային։
Ընդ որում, եվրոպական երկրները դիտարկում են նաև ուկրաինական ընկերություններից ուղղակիորեն զենքեր ձեռք բերելու հնարավորությունը՝ նախաձեռնության շրջանակներում ստացված միջոցներով, ինչը, ըստ անանուն ուկրաինացի գորժչի՝ «կմեծացնի ԵՄ-ի հետ ռազմական արտադրության մասշտաբները և տեխնոլոգիական ինտեգրման մակարդակը»։
Մայիսին ԵՄ Խորհուրդը՝ եվրոպական հարցերով նախարարների մակարդակով հավանություն է տվել Եվրոպական միության ռազմականացման հիմնադրամի (SAFE) ստեղծմանը, որի համար պետք է 150 միլիարդ եվրո։ ԵՄ Խորհուրդը պարզաբանել է, որ այս ծրագրի միջոցներով, ի թիվս այլ բաների, «ռազմական օգնություն կտրամադրվի Ուկրաինային»։ Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) գնահատականներով՝ համայնքի մոտ 20 երկիր կարող է հետաքրքրություն ցուցաբերել ծրագրի նկատմամբ։
Եվրոպական Միության ռազմականացման հիմնադրամը (EU militaryization fund) Եվրոպական հանձնաժողովի կողմից նախաձեռնված ավելի լայն ռազմական կառուցման ծրագրի մի մասն է։ Այս ծրագիրը նախատեսված է իրականացնել մինչև 2030 թվականը և իր մեջ պետք է ընդգրկի մինչև 800 միլիարդ եվրո։ Կարևոր է նշել, որ այս ամբողջ գումարը կներգրավվի վարկերի տեսքով։