ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է փոխել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հարաբերություններում իր մոտեցումը՝ Գազայի հատվածում սովամահ երեխաների կադրերը տեսնելուց հետո, CNN-ին հայտնել են Սպիտակ տան երկու պաշտոնյաներ։

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ նախքան Շոտլանդիա մեկնելը Դոնալդ Թրամփը դիտել է սոված երեխաների մասին տեսանյութերը։ «Նա իր օգնականներին ասել է, որ ցանկանում է քննարկել այդ սարսափելի պատկերները Նեթանյահուի հետ և հարցրել է, թե ինչպես կարող է ԱՄՆ-ն օգնել», - հայտնել են հեռուստաալիքի զրուցակիցները։ Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ այդ կադրերից Թրամփն իրեն «շատ անհարմար» է զգացել։


Ինչպես նշում է CNN-ը՝ երկուշաբթի օրը Թրամփն անձամբ է խոսել Նեթանյահուի հետ Գազայի հատվածում սովի խնդրի շուրջ և իսրայելական վարչապետին մատնանշել է, որ «անհրաժեշտ է այլ կերպ գործել»։


Ավելի վաղ ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագիրը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերին հակամարտության սրումից ի վեր՝ Գազայի հատվածում սննդի սպառման հիմնական ցուցանիշները հասել են իրենց ամենավատ մակարդակին: Միջազգային մոնիթորինգի «Ինտեգրված սննդի փուլերի դասակարգում» (IPC) նախաձեռնության տվյալներով՝ անկլավի բնակիչների 39%-ը մի քանի օր անընդմեջ ստիպված է եղել քաղցած մնալ, իսկ ավելի քան 500,000 մարդ՝ Գազայի բնակչության գրեթե մեկ քառորդը, ապրում է սովի մոտ պայմաններում: