Սիրիայի արտգործնախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Սիրիայի արտգործնախարար Ասաադ Հասան աշ-Շայբանիի միջև պատմական հանդիպումը նշանավորել է երկու երկրների միջև քաղաքական և ռազմական փոխըմբռնման նոր փուլի սկիզբը, հաղորդում է Sana-ն։


«Այս փուլը հիմնված է Սիրիայի ինքնիշխանության հարգանքի և Սիրիայի տարածքային ամբողջականության աջակցության վրա»,- նշված է նախարարության հայտարարության մեջ։

Գերատեսչության հայտարարության մեջ, որի պատճենը ձեռք է բերել Sana գործակալությունը, ասվում է, որ «նախագահ Պուտինը շեշտել է Ռուսաստանի կողմից Իսրայելի ցանկացած միջամտության կամ Սիրիան բաժանելու փորձերի բացարձակ մերժումը և վերահաստատել է Մոսկվայի հանձնառությունը աջակցել Սիրիային նրա վերակառուցման և կայունության վերականգնման գործում»։

«Արտգործնախարար աշ-Շաիբանին հաստատել է Սիրիայի հանձնառությունը վերաուղղորդել Ռուսաստանի հետ հարաբերությունները նոր հիմքի վրա, որը հաշվի կառնի սիրիացի ժողովրդի շահերը և կբացի հավասարակշռված գործընկերության հեռանկարներ», - հավելել են մամուլի ծառայությունից։

Գերատեսչությունում նշել են, որ «հանդիպման ընթացքում Սիրիան ընդգծել է իր հանձնառությունը բոլոր սիրիացի քաղաքացիների պաշտպանությանը՝ անկախ նրանց էթնիկական ծագումից, և անհրաժեշտությունը վերացնելու նախորդ ռեժիմի ժառանգությունը՝ թե՛ քաղաքական, թե՛ կառուցվածքային, այնպես, որ այն ծառայի Սիրիայի ապագային»։

Սիրիայի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ «այս հանդիպումը համոզիչ քաղաքական ցուցիչ է սիրիա-ռուսական հարաբերությունների վերականգնման գործընթացի մեկնարկի համար այնպիսի ձևով, որը կամրապնդի տարածաշրջանային հավասարակշռությունը և կընդլայնի սիրիական պետության հնարավորությունները»։ «Սիրիան զգուշացնում է Իսրայելի միջամտության դեմ, որը երկիրը մղում է դեպի քաոս, և վերահաստատում է, որ իր դռները բաց են բոլոր նրանց համար, ովքեր հարգում են նրա ինքնիշխանությունն ու միասնությունը և պահպանում նրա անվտանգությունն ու կայունությունը», - հավելել է Դամասկոսը։