Այսուհետ նաև Հայաստանում որակավորված էլեկտրոնային ստորագրություն կարող են ձևակերպել արտերկրում բնակվող Ռուսաստանի քաղաքացիները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը:

Որակավորված էլեկտրոնային ստորագրություն թույլ է տալիս հեռակա կարգով փոխգործակցել Ռուսաստանի առևտրային և պետական կազմակերպությունների հետ՝ ստորագրել փաստաթղթեր, հաշիվներ բացել ռուսաստանյան բանկերում, ձևակերպել անշարժ գույքի գործարքներ, մասնակցել աճուրդների և այլն։ Նաև այդ միջոցով հարմար է մուտք գործել և օգտվել «Գոսուսլուգի» պորտալից, իսկ ապագայում՝ ստորագրել փաստաթղթեր Դաշնային հարկային ծառայության և Ռուսաստանի սոցիալական հիմնադրամի համար։

Գրանցվելու համար անհրաժեշտ է հայտ թողնել «Օսնովանիե» հավատարմագրված հավաստագրման կենտրոնի պաշտոնական կայքում։ Գրանցման կետը գործում է Երևան, Արգիշտի փողոց, 7-րդ շենք հասցեում:

Ըստ դեսպանատան՝ արտասահմանում, Հայաստանից բացի, որակավորված էլեկտրոնային ստորագրություն ձևակերպելու կետեր գործում են նաև Ղազախստանում, Ղրղըզստանում և Ուզբեկստանում: