Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ երկիրը դադարել է կախված լինել Միացյալ Նահանգներից։ Նրա խոսքերը մեջբերում է Brasil247-ը։
Քաղաքական գործչի խոսքով՝ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը փորձում է մաքսատուրքերի միջոցով միջամտել երկրի ներքին գործերին։
«Կարծում եմ՝ նախագահը… կարող է հարկել այն, ինչ ուզում է։ Բայց նա չափն անցել է։ Նա ուզում է վերջ դնել բազմակողմանիությանը», - ասել է դա Սիլվան։
Նա հավելել է, որ հանրապետությունն այժմ այնքան էլ կախված չէ Միացյալ Նահանգներից, որքան անցյալում։
«Բրազիլիան այժմ շատ լայն առևտրային կապեր ունի ամբողջ աշխարհի հետ։ Տնտեսական տեսանկյունից մենք շատ ավելի շատ հնարավորություններ ունենք», - ասել է Բրազիլիայի առաջնորդը՝ ընդգծելով, որ երկիրը չի զիջի Միացյալ Նահանգներին իր ինքնիշխանությանը վերաբերող հարցերում։
Հուլիսի 31-ին Թրամփը հրամանագիր է ստորագրել բրազիլական ապրանքների նկատմամբ 40% մաքսատուրք սահմանելու մասին։ Վաշինգտոնում բացատրել են, որ նման միջոցներ ձեռնարկվել են ի պատասխան հանրապետության կառավարության վերջին գործողությունների, որոնք «արտակարգ սպառնալիք» են ներկայացնում ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը և տնտեսությանը։ Բացի այդ, նշվել է, որ մաքսատուրքերի բարձրացումը պայմանավորված է «քաղաքական դրդապատճառներով» իրականացված դատավարությամբ, որն ընթանում է Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի նկատմամբ։