ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ իր նախկին հրահանգների համաձայն՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու միջուկային սուզանավ է տեղակայվել Ռուսաստանի մոտակայքում գտնվող որոշակի տարածքում։
«Ես արդեն հայտարարություն եմ արել և պատասխանը հետևյալն է՝ այո, դրանք տարածաշրջանում են, այնտեղ, որտեղ պետք է լինեն», Վաշինգտոնում կայացած զրույցի ժամանակ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք սուզանավերն արդեն տեղակայվե՞լ են։
ԱՄՆ նախագահը շաբաթ օրը հայտարարել է, որ ամերիկյան երկու միջուկային սուզանավեր են շարժվում դեպի Ռուսաստան։
«Նրանք մոտ են Ռուսաստանին։ Այո՛, նրանք մոտ են Ռուսաստանին», - NEWSMAX-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք սուզանավերը մոտեցել են ռուսական շրջաններին։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա բացատրել է, որ երկու միջուկային սուզանավերը տեղափոխելու հրամանը տվել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարություններից հետո, քանի որ նա այդկերպ փորձում է պաշտպանել ամերիկացիներին։
«Մենք պարզապես պետք է զգույշ լինենք։ Մեզ սպառնացել են և մենք որոշել ենք, որ այդ սպառնալիքները կեղծ են և հենց այդ պատճառով մենք պետք է զգույշ լինենք»,- ասել է նախագահը լրագրողներին։
Նա նախկինում հայտարարել է, որ միջուկային սուզանավերը կտեղակայի «համապատասխան տարածաշրջաններում»՝ ի պատասխան Մեդվեդևի սոցիալական ցանցերում արված մեկնաբանությունների։
«Հիմնվելով Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի ծայրահեղ սադրիչ հայտարարությունների վրա՝ ես հանձնարարել եմ երկու միջուկային սուզանավ տեղակայել համապատասխան տարածաշրջաններում՝ պարզապես այն դեպքի համար, եթե այդ անհեթեթ ու հրահրող խոսքերը ավելին լինեն, քան պարզապես խոսքերը», ուրբաթ օրը այս մասին Truth Social սոցիալական ցանցում գրել է Թրամփը։