Կամչատկայում տեղի ունեցած 8,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո ակտիվացել են յոթ հրաբուխներ, հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) Հեռավոր Արևելքի բաժանմունքի Հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտից։ Խոսքը վերաբերում է Բեզիմյանի, Կամբալնի, Կարիմսկի, Կլյուչևսկի, Կրաշենիննիկովի, Մուտնովսկի և Ավաչինսկի հրաբուխներին։ Դրանցից երեքը սեյսմիկ իրադարձությունից առաջ հանգիստ վիճակում են եղել, իսկ չորորդը երբեմն ժայթքել է։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայից (ՌԳԱ) նշել են, որ յոթ հրաբուխների միաժամանակյա արթնացումը՝ 300 տարվա մեջ առաջին անգամ է տեղի ունեցել։

«Մենք ականատես ենք եղել չափազանց հազվադեպ երևույթի, որը կարելի է անվանել հրաբխային ժայթքումների շքերթ։ Նման բան վերջին անգամ տեղի է ունեցել 1737 թվականին, երբ Կամչատկայում կրկին հզոր երկրաշարժ էր», — ասել է ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Օզերովը։ Հատկապես հետաքրքրություն է ներկայացնում Կրաշենիննիկովի հրաբուխը, որտեղ լավա են տեսել առաջին անգամ՝ 1463 թվականից ի վեր։ Կլյուչի գյուղի հրաբխային կայանի ղեկավար Յուրի Դեմյանչուկը նշել է, որ այժմ այնտեղ գրանցվում է ժայթքման երկու տեսակ՝ գագաթնային և միջնամասային։ Կրոնոցկի արգելոցից հայտնել են, որ Կրաշենիննիկովի մոխրի արտանետումների բարձրությունը հասնում է 5-6 կմ-ի։


Հրաբուխ Կամբալնին նույնպես սկսել է կյանքի նշաններ ցույց տալ։ Դեմյանչուկը նշել է, որ այն «մի քանի տասնամյակ» լուռ է եղել, սակայն այժմ «ուժեղ աղմուկ» է արձակում։ Նրա խոսքով՝ «սա բավականին վտանգավոր հրաբուխ է»։ 1979 թվականին արշավախմբի ժամանակ այնտեղ զոհվել է կայանի աշխատակից։ Կամբալնիում գրանցվում է սեյսմիկ ակտիվություն, որը կարող է պայթյունավտանգ ժայթքում և մոխրի արտանետումներ առաջացնել՝ ծովի մակարդակից մինչև 6 կմ բարձրության վրա։

Միևնույն ժամանակ, Կլյուչևսկի հրաբխում ուժեղանում է գագաթնային ժայթքումը՝ լավայի հոսքով։ Լավայի հոսքը հասել է 3 կմ երկարության և մոտենում է Բոգդանովիչի սառցադաշտին, որն արդեն սկսել է հալվել։ Շիվելուչ հրաբխում շարունակվում է էքստրուզիվ-պայթյունավտանգ ժայթքումը, հնարավոր են մոխրի արտանետումներ՝ ծովի մակարդակից մինչև 8 կմ բարձրության վրա։ Ավաչինսկի հրաբուխը ցուցադրում է գոլորշու գազային արտանետում, իսկ Կամբալնիում նկատվում է սեյսմիկ ակտիվություն, որը կարող է պայթյունավտանգ ժայթքում առաջացնել։ Հարաբերականորեն հանգիստ է Բեզիմյանի հրաբխի վրա. այնտեղ գրանցվում է թույլ էքստրուզիվ-պայթյունավտանգ ժայթքում, հնարավոր են մոխրի փոքր արտանետումներ։ Բացի այդ, օգոստոսի 4-ին արթնացել է Մուտնովսկայա բլուրը՝ արբանյակները հայտնաբերել են ջերմային անոմալիա և դրան տրվել է ավիացիոն վտանգի «դեղին» կոդ։

Կամչատկայում վերջին 70 տարվա ընթացքում ամենաուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել հուլիսի 30-ին։ Դրա տարբեր հետևանքները, ներառյալ ցունամին՝ զգացել են Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մի քանի երկրներ։ ՌԳԱ-ի Միասնական երկրաֆիզիկական ծառայության դաշնային հետազոտական կենտրոնը զգուշացրել է, որ մինչև 7,5 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցումները կշարունակվեն առնվազն մեկ ամիս։